Նիկոլ Փաշինյանը վերջին գրառմամբ, ըստ էության, հաստատում է, որ ինքը ՀՀ նախկին նախագահներին՝ Լևոն Տեր-Պետրոսյանին ու Ռոբերտ Քոչարյանին, մանդատ չի տվել բանակցելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ինքն էլ ասում է, որ, այո, չի տվել, սակայն ուրիշ փաստարկներով փորձում է հիմնավորել, թե ինչու չի տրվել այդ մանդատը։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ անդամ Զոյա Թադևոսյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի գրառմանը, թե երբ նախկին նախագահները ցանկություն են հայտնել մեկնելու Մոսկվա ու առաջարկել են իրեն միջնորդել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որ նա ընդունի Լ. Տեր-Պետրոսյանին եւ Ռ. Քոչարյանին, որպես հատուկ բանագնացներ, ինքը պատասխանել է, թե Ռուսաստանի նախագահի հետ ինքը մշտական կապի մեջ է: Օր կա՝ հինգ-վեց անգամ հեռախոսով խոսում է հետը:
«Հիմա եթե ինձ հարցնի, այդ ի՞նչ ասելիք ունես, որ ինձ չես կարողանում ուղիղ ասել եւ դա ուզում ես ասել հատուկ բանագնացների միջոցով, ես ի՞նչ պիտի պատասխանեմ»:
Թադևոսյանի դիտարկմամբ՝ պետական մակարդակով քաղաքականության իրականացումը անձնական մակարդակի փոխադրելը որոշակի դրական միտումներ իր մեջ պարունակում է։ «Ինչպես տեսնում ենք՝ ՌԴ նախագահը չի խորշում իր հարցազրույցներում անընդհատ շեշտադրել իր ջերմ հարաբերությունները ՀՀ երկրորդ նախագահի հետ, միաժամանակ, այստեղ կար նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հեղինակության խնդիրը։ Երկրների արտաքին քաղաքական խնդիրները հաճախ լուծվում են այդ հեղինակությունները ընկալելու և նրանց նկատմամբ հարգանքի տիրույթում ևս։ Ես ենթադրում եմ, որ այդ հանդիպումը կարող էր դրական արդյունքի հասցնել և ցավում եմ, որ վարչապետը մինչ օրս չկարողացավ տեսնել այն իրականությունը, որը հեռախոսային խոսակցությունների տիրութից դուրս է։ Օրը մի քանի անգամ Պուտինի հետ խոսելը հեղինակության կամ ազդեցիկ քաղաքական գործիչ լինելու փաստ չէ, դա դեռ ոչինչ չէր նշանակում։ Հետևելով ռուսական ալիքներով Հայաստանի դեմ, ՀՀ վարչապետի դեմ տարվող պրոպագանդային՝ ես խոսում եմ այն լրագրողների հաղորդումների մասին, որոնք մեր՝ լսողներիս մակարդակում դիտարկվում են որպես Պուտինի խոսափող, ինչպես օրինակ, Վլադիմիր Սոլովյովն է, Մարգարիտա Սիմոնյանը, նրանք երբեմն մեսիջներ էին ուղարկվում, որոնք պետք էր հաշվի առնել և հասկանալ, ըստ այդմ՝ խոսակցությունները երկուսի միջև ամենևին էլ անձնական սիմպատիայի մեջ չէ։ Նիկոլ Փաշինյանն ամենևին էլ իրենց մարդը չէր, և դա կարող էր դեր խաղալ, իսկ իր հեռախոսային խոսակցությունները ամենևին էլ դեր չէին խաղում։ Այս բաղադրիչի գոյությունը, ցավոք, Նիկոլը չէր տեսնում, փոխարենը ոգևորվում էր այդ խոսակցություններից»։
Նա ընդգծեց, որ ճիշտ կլիներ այդպիսի դժվարագույն խնդրի լուծում փնտելու ուղին ընկած լիներ միասնական քննարկումների և որոշման հիմքում, որոնց պետք է ներգրավված լինեին նախագահները, բոլոր այն անձինք, ովքեր երկար տարիների ընթացքում պատասխանատվություն էին ստանձնել ղարաբաղյան թնջուկը լուծելու։ Նրանք այդ հարցին լավ էին տիրապետում։ «Ի վերջո, Լևոն Տեր- Պետրոսյանի դիվանագիտական փորձառությունը, քաղաքակագիտական հսկա լինելու հանգամանքը շատ ավելի մեծ դեր կխաղար ու ավելի պակաս կորուստներով դուրս կգայինք իրավիճակից։ Ցավոք, Փաշինյանը դա չէր հասկանում ու մինչև հիմա էլ, երբ ես կարդում եմ իր բացատրությունները՝ ես ավելի եմ խղճում նրան, քանի որ ակնհայտ է, որ մինչև հիմա էլ չի հասկանում։ Ես չեմ կարող նաև Փաշինյանին մեղադրել, խնդիրն այն է, որ Փաշինյանի քաշային կարգը չէր համապատասխանում այն ծանրաձողին, որը նա փորձում էր բարձրացնել։ Այստեղ միայն մանդատ ունենալն ու ընտրված լինելը ժողովրդի մեծամասնության կողմից անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման էր՝ երկիրը ղեկավարելու համար։ Հատկապես այնպիսի խնդիրներ ունեցող երկիրը, ինչպիսին մերն էր։ Այստեղ ուղղակի պետք էր լինել լավ կրթված, լավ դիվանագետ։ Մինչդեռ, նրա կոչերը՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», «Ես իմ զրոյական կետից եմ սկսելու բանակցությունները», նման արտահայտությունները դիվանագիտությունը չի հասկանում, հասկացող մարդիկ, երբ նրա այդ արտահայտությունը լսում էին՝ շունչները կտրվում էր, որովհետեւ հասկանում էին՝ դա ոչ մի տեղ չի տանում, սա տանում է տապալման։ Ափսոսում եմ, որ Փաշինյանը չհասկացավ։ Արդյունքում ունենք մի իրավիճակ, երբ անգամ հողերի մասին մտածելու ժամանակ չունենք, որովհետև ունենք ավելի արժեքավոր կորուստ, դա մեր երեխաների կորուստն էր, ամենակարևոր արժեքը հենց մեր երեխաներն էին, մեր երիտասարդները, այն էլ այդքան հայրենասեր, նվիրված։ Այդ երեխաները պարզապես ոչ ճիշտ ճամանակին, ոչ ճիշտ տեղում հայտնվեցին։ Նրանցից շատերն անգամ չեն հասցրել կրակել ու 80-100 հոգով միանգամից զոհվել են, ինչպե՞ս հաշտվել այս իրականության հետ, երբ կար միայն մեկ ճանապարհ՝ չգնալ պատերազմի»։
Նշենք նաև որ Նիկոլ Փաշինյանի՝ նախկին նախագահների Մոսկվա չմեկնելու պատճառների մասին ներկայացնող գրառմանը արձագանքել էր նաև ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմանյանն, ով նշել էր՝ Փաշինյանի գրածն իրեն մի պատմություն է հիշեցրել։
«Մեկն ընկերոջը հարցնում է․ ճի՞շտ է, որ մեր հարևանը լոտոյով մեքենա է շահել։ Պատասխանում է՝ մոտավորապես ճիշտ է, պարզապես ոչ թե հարևանը, այլ իր եղբայրը, ոչ թե լոտոյով, այլ՝ կազինոյում, ոչ թե մեքենա, այլ՝ բնակարան, ոչ թե շահել է, այլ՝ կրվել։
Սուտն ու նենգափոխումն անբաժան են Նիկոլից»,- ասել է Սողոմոնյանը։

