Հանդիպեցինք պաշտպանության նախարարի հետ, մեր պահանջը հստակ է՝բոլորս որոշել ենք, որ մեր երեխաներին Արցախից վերադարձնեն Հայաստան: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախում զինծառայությունը շարունակող զինվորների ծնողներից մեկը՝ պաշտպանության նորանշանակ նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ հանդիպումից հետո:
«Հնարավոր չի, որ բանակն էնտեղից գա, կարող են կռվի մասնակցած երեխաներին 10-օրյա արձակուրդ տրամադրեն, նրանց փոխարինելով էստեղի ժամկետայիններով: Հետեւաբար մեր պահանջը չի բավարարվել: Նախարարից հարցրեցինք՝ դու թուրքի վրա վստա՞հ ես, որ դիվերսիա չի անելու, ասաց՝ ոչ, կարողա Երևան էլ գան մտնեն»,- ասաց նա:
Ծնողները նույնիսկ ծայրահեղ տարբերակ են առաջարկել, սեփական ուժերով գնալ եւ զինծառայողներին տեղափոխել Հայաստան, սակայն նախարարն ասել է, որ ավելի վատ կլինի իրենց համար:
Նախարարի հետ հանդիպած ծնողները հավելեցին, թե վաղը 5 հոգանոց խմբով էլի պետք է հանդիպեն նրա հետ ու վերջնական խոսեն: Նրանք նշեցին, թե համաձայնություն են տվել, որ Հայաստանում ծառայող զինվորները փոխարինեն Արցախում 44 օր պատերազմում կռվող, հիմա էլ ծառայությունը շարունակող զինվորներին:

