ՀՀ վարչական դատարանը երեկ որոշում էր կայացրել, որով հավաքների ազատության արգելքը կասեցրել էր։
«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը ArmDaily.am-ի հետ զրույցում նկատեց, որ այսօր մի խումբ մտավորականներ հանրահավաք էին հրավիրել Ազնավուրի հրապարակում, որի ընթացքում ոստիկանության գործողությունները տարբերվում էին մինչ այս եղած հավաքներին ոստիկանության գործողություններից։ «Ոստիկանությունը, մասնավորապես չհայտարարեց, որ հավաքն անօրինական է, որ հավաքը պետք է դադարեցնել, ինչից կարելի է հետևություն անել, որ ոստիկանությունը նույնպես այս նոր իրողությունը ընդունում է որպես իրավական կիրառման փաստ։ Սա պետք է արձանագրենք, որպեսզի եթե հետագա քաղաքական հավաքներին ոստիկանության գործողություններին գնահատական տանք՝ կարողանանք գնահատել, թե արդյոք խտրական են եղել, թե ոչ»։
Հարցին, թե այս որոշումը ենթադրում է, որ արդեն կարելի է անկաշկանդ հավաքներ, ակցիաներ հրավիրել ու արդյոք այդ ընթացքում, եթե նախկինի նման մասսայական ձերբակալություններ լինեն ՝ դա անօրինական կլինի՝ նա պատասխանեց, որ այդ հարցի պատասխանը միանշանակ չէ, քանի որ մենք գործ չունենք իրավական սկզբունքներով առաջնորդվող պետության հետ, հետևաբար, ոչ ոք չի կարող ասել, թե ինչպիսի հանձնարարություններ կտրվեն ոստիկանությանը։ «Ինչ վերաբերում է մասսայական ձերբակալություններին՝ դա կլինի հանցագործություն, թեև մինչ այս էլ մարդկանց հաճախ ազատությունից զրկելը հանցագործության տարրեր է պարունակում, բայց այս իրավական փաստից հետո՝ դա կլինի անվիճարկելի»։

