Այսօր Շառլ Ազնավուրի հրապարակում մտավորականները բողոքի ակցիա են իրականցնում:
Լրագրողների հետ զրույցում դերասան Վարդան Պետրոսյանը ասաց, որ իրավունք չունենք զինվորին մենակ թողնել, պետք է օրուգիշեր մտածենք, օր առաջ կարողանանք օգնել նրանց այնտեղից բերել:
«Ամենածանր բանն է, երբ զինվորը հերոսի պես կռվում է, հանկարծ իրեն մենակ են թողնում»,- ընդգծեց Պետրոսյանը:
Նա նշեց՝ հավաքը քաղաքական չէ: «Շատերը գուցե քաղաքական երանգ են տեսնում, կամ մտավախություններ ունեն: Թող չվախենան: Միգուցե այդ մտավախությունների պատճառով է, որ այնքան շատ մարդ չկար, ինչքան կարելի էր սպասել, բայց ես վստահ եմ, որ մարդիկ կշատանան՝ հասկանալով, որ պետք է մասնակցեն՝ օգնելու զինվորներին ու նրանց ընտանքիներին, որոնք ծանր հոգեվիճակում են»,-ասաց դերասանը:
Նրա դիտարկմամբ՝ հասարակության մեջ պառակտում կա, և դա ամենավտանգավոր բաներից մեկն է: «Չեմ կարող ասել՝ որտեղից սկսվեց: Վտանգավոր բանն այս պահին մեղավոր փնտրելն է, պետք է լուրջ վերլուծություն անել: Պարտությունից հետո այդպես լինում է: Պետք է կարողանալ պարտվել»,-ասաց նա:
Հարցին էլ՝ չկա՞ն պատասխանատուներ, Պետրոսյանն արձագանքեց՝ պետք է վերլուծություններ կատարել: «Նման պարագաներում, հեքիաթներ չպատմենք, բնականաբար առաջին պատասխանատուն մնում է կազմակերպիչը, իշխանությունը»,-ասաց նա:

