Այսօր Շառլ Ազնավուրի հրապարակում մտավորականները բողոքի ակցիա են իրականցնում:
Լրագրողների հետ զրույցում երգչուհի Էմմա Պետրոսյանը ասաց. «Ես անվերջ հավաքում եմ մտքերս, արցունքներս, որ ի վիճակի լինեմ որպես մարդ մի քանի միտք արտահայտել, այնքան բարձր է, շատ է ցասումս, վրդովմունքս, հուզմունքս, ցավս կորուստս, այնքան ընկճված եմ, այնքան եմ փոքրացած, որ չեմ կարողանում ասել ամենակարևորը»:
Նա նշեց, որ չի հասկանում, թե ինչպես այս ամենը կատարվեց, թե այդ ի՞նչ սյուժեով զարգացավ այս ամենը, վերջին 2.5 տարիներին ի՞նչ եղավ և ինչ նպատակի համար էր այս ամենը:
«Այդ ինչպե՞ս կարող է մի մարդ բղավել՝ իմ սիրելի ժողովուրդ, հետո կարճ ժամանակ հետո այսպես վարվել: Ես ուզում եմ հասկանալ՝ ազնվություն, պարտավորություն, հայրենիք, ժողովուրդ էսպիսի հնչեղ մտքեր ասող մարդը ինչպե՞ս կարող էր այսպես վարվել»,- ասաց նա և հավելեց, որ ամեն ինչ կարելի է հասկանալ, բայց սա հասկացվածություն եզր էլ չունի:
«Ես պահանջում եմ այս ինչուների պատասխանը, բայց ցավս այնտեղ է կորած մարդկանց հետ, որոնք գնացին այս հայրենիքի, այս մտքերի, ոգու առաջ, իսկ մենք այսօր չգիտենք, թե ինչ պետք է պատասխանենք, որտեղ պետք է փնտրենք նրանց»,- նշեց նա:

