Այսօր Շառլ Ազնավուրի հրապարակում ակցիայի ժամանակ դերասան Հրանտ Թոխատյանը հայտարարեց, որ ունենք շատ ու շատ գերիներ և ունենք կենդանի զինվորներ, որոնք գտնվում են թշնամու տարածքում, պետք է դիմենք այն մարդկանց, որոնք կարող են այդ տղաներին վերադարձնել տուն, քանի դեռ ժամանակ կա, եթե անցնի ժամանակ, արդեն ուշ կլինի:
«Դիմում եմ արվեստագետներին՝ դիմեք այն կոլեգաներին, որոնք գտնվում են արտերկրում, թող իրենք ևս դիմեն իրենց Կառավարությանը և ՄԻՊ-ին, Կարմիր Խաչին, բոլոր այն կազմակերպություններին, որոնք կարող են օգնել: Այո, ի սկզբանե սխալ է, որ հայտարարության մեջ ժամկետներ նշված չեն, թե գերիները և դիերը, երբ կվերադարձվեն: Արված է այդ ամոթալի սխալը, որն այսօր պետք է ուղղել, ընդհուպ մինչև իսկ պայման դնելով, որ կդադարեցնեմ տարածքների վերադարձի գործընթացը, մինչև չվերադարձվեն գերեվարված տղաները տուն: Գոնե աշխարհի առաջ մեր ճակատը փորձենք պարզ պահել և պահանջել, որ մինչև մեր երեխաները չհասնեն տուն, ոչ մի սանտիմետր մեր հողից, հետո կկատարենք ստորագրված պայմանագրի պահանջը»,- նշեց նա:
Հրանտ Թոխատյանը նշեց, որ տեղեկություն կա, որ Ադրբեջանը ցանկանում է վաճառել մեր գերիներին, վաճառել գերության, դա ամենավտանգավոր բանն է, որ կարող է լինել մեր տղաների հետ.
«Մենք պետք է փորձենք մեր ձայնը դարձնել լսելի աշխարհով մեկ, եթե միանանք, ամեն իչ կստացվի»։
Նա իր խոնարհումը հայտնեց նրանց, որոք չկան, իր ուժն ու կորովը նրանց, ովքեր կան և պետք է վերադառնան տուն: «Մեզ մոտ, երբ ճանապարհ ենք դնում մեր կոլեգային, բարձր ծափերով ենք ճանապարհ դնում, որ լսելի լինի իր համար, փորձենք այ հիմա էլ անել` բոլորս միասին մեր տղաներին ծախահարենք»,-ասաց նա:

