Ինչպես արդեն նշել ենք այսօր Շառլ Ազնավուրի հրապարակում ակցիա էին կազմակերպել:
«Մտավորականների հավաքի նպատակը անհետ կորած և գերեվարված զինվորների ծնողների ձայնը լսելի դարձնելն է»,-իր ելույթում նշեց Մհեր Մկրտչյանը:
«Այսօր այստեղ հավաքվել ենք, որ լսելի դարձնենք այն ծնողների ձայնը, որոնց երեխաները պատերազմի ընթացքում կորել են։ Լսելի դարձնել այն ծնողների ձայնը, որոնց երեխաները կորել են։ Եվ որ ամենադաժան է՝ լսելի դարձնել այն ծնողների ձայները, որոնց երեխաները զոհվել են և մինչև օրս չեն ունեցել հնարավորություն վերցնել զոհված երեխաների դիերը։ Մեր կողքին կանգնելով դուք ավելի լսելի եք դարձնում մեր ձայնը»:
Հրանտ Թոխատյանն էլ իր ելույթում նշեց, որ տեղեկություն կա, որ Ադրբեջանը ցանկանում է վաճառել մեր գերիներին, վաճառել գերության, դա ամենավտանգավոր բանն է, որ կարող է լինել մեր տղաների հետ.«Նորից եմ խնդրում՝ բարձրացնենք մեր ձայնն էլ ավելի ինտենսիվ, որքան մեր բողոքը գնա միջազգային ատյաններ, այնքան մեկ վայրկյան առաջ կկարողանանք լուծել մեր տղաների գործը: Ինձ հետաքրքիր չէ՝ ինչ է որոշելու կառավարությունը, որն այժմ պարալիզացված է, կամ քաղաքական կուսակցությունները, գոնե մեկ անգամ, բոլորը միահամուռ իրար կողք կանգնեն»:
Կոմպոզիտոր Արմեն Գրիգորյանն առաջարկեց գերիների, անհետ կորածների, չվերադարձած զինծառայողների նկարներով վաղը հավաքվել Օպերայի մոտ՝ Ազատության հրապարակում, և շրջել Երևանով, այցելել դեսպանատներ, ինչին համաձայնվեց հավաքված ժողովուրդը:

