Մեր պարտությունը պետական է, և այդ պետական պարտությունը հասունացել է վերջին առնվազն քառորդ դարի ընթացքում։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հակոբ Բադալյանն՝ անդրադառանալով ՀՀ նորանշանակ արտգործնախարար Արա Այվազյանի դիտարկմանը, թե մեր պարտությունը եղել է ռազմի դաշտում, ոչ թե դիվանագիտական։
«Պատերազմում պարտվում է պետությունը, բանակը դիվանագիտությունը, տնտեսությունը, դրանք պետական ուղղություններն են, չի կարող մի ուղղությունում պարտություն լինել, մեկ այլ ուղղությամբ լինել հաղթանակ։ Պարտվում է պետությունը և այստեղ պարտվել է մեր պետությունը և այդ պետությունը հասունացրել է առնվազն վերջին 25 տարվա ընթացքում։ Կարծում եմ այս ոլորտներից յուրաքանչյուրում կարող ենք քննարկել ու թվարկել, թե ինչու այսպես ստացվեց։ Այստեղ բազմաթիվ ասպեկտներ կան նայելու, մենք ի՞նչ ենք սխալ արել, սխալ արե՞լ ենք, թե ՝ոչ, մենք կարո՞ղ էինք ավելին անել, թե ոչ։ Բայց ակնհայտ է, որ մենք որպես պետություն պարտվել ենք, ընդ որում՝ պարտվել ենք ոչ միայն Ադրբեջանին, այլև ժամանակին և դրա զարգացման տրամաբանությանը, որ ծավալվել է աշխարհում։ Մենք հասանք այդ պարտության դրսևորմանը 2020-ի սեպտեմբեր-հոկտեմբերիկ պատերազմում»:
Անդրադառնալով պատերազմի ավատին է երկրի ներսում ծավալվող գործընթացներին՝ Բադալյանն ընդգծեց, որ սոցցանցերի և քաղաքական դաշտի դերակատարների անհամարժեքությունը աղաղակող է և, եթե հարցերը ինչ-որ իմաստով վերագրենք նաև հանրային շրջանակներին, ապա քաղաքական շրջանակներից պահանջվում է շատ ավելին։ «Այսինքն, քաղաքական շրջանակներից պահանջվում է, ոչ թե խաղալ ներքաղաքական նպատակներով, հասարակության ցավի, կորստի վրա, այլ հասարակությանը փորձել համախմբել որևէ ապագայի հեռանկարի շուրջ և սկսել հաղթահարել այդ պարտությունը հոգեբանորեն և հետո մնացած բոլոր ուղղություններով։ Այսինքն, մենք հիմա ունենք խնդիր այդ ապագան ձևավորելու որպես հասարակություն և որպես պետություն, որովհետև պարտությունն ինքնին ողբերգություն է և մենք չպետք է ապրենք այդ ողբերգությամբ։ Մենք պետք է ապրենք այդ ողբերգությունը արագ հաղթահարելու ուղղությամբ և նոր հաղթանակի ձգտելու ռեժիմով ու մտածողությամբ, հոգեբանությամբ, գործողություններով։ Ցավոք, մենք հիմա միայն տեսնում ենք ներքաղաքական պայքար՝ միայն քաղաքական դիրքերի համար»։

