Արդեն տևական ժամանակ է, ինչ ազգային փոխարժեք դրամն արժեզրկվում է, իսկ դոլարի փոխարժեքը մեծ թափով վերելք է ապրում:
ArmDaily.am–ի հետ զրույցում տնտեսագետ Սուրեն Պարսյանը նշեց, որ եթե քայլեր չձեռնարկվեն, առաջիկայում սա լուրջ տնտեսական ու սոցիալական խնդիրներ է առաջացնելու:
«Դոլար-դրամ փոխարժեքը կազդի հիմնականում ներկրվող ապրանքների գների վրա: Հաշվի առնելով, որ մենք մեծ քանակությամբ ապրանքներ ենք ներկրում` տարեկան մոտ մլդ դոլարի: Ներկրվում են խիստ անհրաժեշտության ապրանքներ, այսինքն դոլարի փոխարժեքի աճը կարող է ուղղակիորեն ազդել մարդկանց կենսամակարդակի վրա, կարող է թանկանալ ալյուրը, շաքարավազը, ձեթը, կարագը, հավի միսը և այլն, քանի որ այս ապրանքների մասով մենք ունենք ցածր ինքնաբավության մակարդակ: Բացի այդ, դոլար-դրամ փոխարժեքի տատանումն ուղղակիորեն կարող է ազդել ՀՀ ներկրվող նավթամթերքի և գազի գների վրա, մասնավորապես մենք բնական գազ ռուսական կողմից գնում ենք դոլարով: Դոլարի փոխարժեքի աճը կարող է առիթ հանդիսանալ «Գազպրոմ Արմենիայի» կողմից վերանայման հայտ ներկայացնելու համար, քանի որ դոլարի փոխարժեքի հիմքում նրանք դրել են 490-ը և եթե դոլարի փոխարժեքը հասնի 510-520-ի, իսկ այս ընթացքում անընդհատ տատանումներ են լինելու, միանշանակ է, որ դա ևս կարող է հանգեցնել մեր ներքին սակագների փոփոխությանը: Նման բան թույլ չտալու համար պետք է ռուսական կողմի հետ սկսել բանակցությունները, որպեսզի սահմանի վրա նվազեցվի դոլարով գազի գինը, որը թույլ կտա փոխհատուցել այդ հնարավոր դրամային տատանումները: Հակառակ դեպքում մենք կարող ենք լուրջ խնդիրներ ունենալ: Իսկ բնական գազի գնի բարձրացումը շղթայական կթանկացնի ՀՀ-ում արտադրվող և մատուցվող բոլոր ապրանքների գները»:
Անդրադառնալով հեղուկ գազի գնին, նա նշեց, որ մենք այն ռուբլով ենք ձեռք բերում, սակայն այն միանշանակ կարող է ազդել նաև հեղուկ գազի գնի վրա, քանի որ եթե դրամն արժեզրկվում է, ապա ռուբլու նկատմամաբ էլ է աժեզրկվում և այն ևս կարող է թանկանալ.«Այսինքն բենզինը, դիզվառելիքը, հեղուկ գազը և բնական գազը»:
Հարցին` ինչի հետևանք է սա, տնտեսագետը նշեց.«Բազմաթիվ գործոններ են ազդել դոլար-դրամ փոխարժեքի տատանումների վրա: Առաջինը, որ մենք այս 10 ամիսների հաշվարկով ունենք, դա 6.7 տոկոս տնտեսական ակտիվության անկումն է, անկում է գրանցել նաև արտահանումը, առևտուրը, շինարարությունը, ծառայության ոլորտը և բնականաբար սա հանգեցրել է ՀՀ-ում դոլարի հոսքի կրճատման: Երկրորդ գործը ներդրումներն են, որն այս տարի կտրուկ նվազել են: Ավելին` այն ներդրողները, որոնք ՀՀ-ում գումարներ էին աշխատում տարիներ շարունակ, իրենց գումարները Հայաստանից հանել են, ոչ թե վերաներդրել են: Երրորդ գործոնը տրանսֆերների կրճատումն է: Քանի որ քիչ մարդիկ են այս տարի մեկնել արտագնա աշխատանքի կամ մեկնողներն էլ քիչ գումարներ են ուղարկել Հայաստան: Չորրորդ գործոն էլ ռազմական գործողություններն էին:Ռազմական գործողությունների ժամանակ պետությունը մեծածավալ ռազմական և ոչ ռազմական նշանակության ապրանքներ է ձեռք բերել, որոնց համար վճարել և վճարելու է դոլարով, որն իր հերթին դոլարային ճնշումներ է առաջացնելու մեր արտարժութային շուկայի վրա:Հինգերորդ գործոնն էլ հարկային եկամուտների կրճատումն է, որն այս տարի նկատվում է: Մենք օրինակ ունենք սահմանային լուրջ խնդիր, մասնավորապես Սոթքով պայմանավորված: Սոթքը շահագործող հայկական ընկերությունը ապահովում է մեր արտահանման 4 տոկոսը, եթե այդ ընկերությունը դադարեցնի իր գործունեությունը, ապա մենք նաև այդ 4 տոկոս դոլարային հոսքից կկտրվենք, որն իր հերթին ավելի կհանգեցնի դրամի արժեզրկման: Այսինքն մոտակա ժամանակաշրջանում մենք ունենք դրամի արժեզրկման բազմաթիվ գործոններ, որոնք պետք է կառավարել, վերահսկել: Իսկ Կենտրոնական բանկը ներկայումս փորձում է ուղղակի պետական պահուստների հաշվին ներարկումներ իրականացնել արտարժույթի շուկայում, որպեսզի դոլարի կուրսը չբարձրանա: Բայց նման քաղաքականությամբ երկար չես կարողանալու դոլար-դրամ փոխարժեքը պահպանել, նույնիսկ այս կուրսով: Անհրաժեշտ է մտածել նոր փոխառությունների, վարկերի ներգրավման ու նոր ներդրումային նախագծերի մասին, հակառակ դեպքում մենք մոտակա ամիսների ընթացքում ունենալու ենք լուրջ սոցիալ-տնտեսական ցնցումներ»:

