Սահմանադրական դատարանի պաշտոնական էջով հայտարարություն տարածվեց, որ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ խորհրդի դիմումը ՍԴ-ն ստացել է։
Պատգամավորին մանդատից զրկելու նախադեպ Հայաստանում նախկինում դեռ չի եղել, սակայն ՀՀ Սահմանադրության 95-րդ հոդվածը սահմանում է, թե որ դեպքում պատգամավորը կարող է զրկվել մանդատից։
Ըստ այդմ՝ պատգամավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից:
Որպես դիմումի փաստական հիմք նշվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի` 2020 թվականի հոկտեմբերի 26-ի եզրակացությունը և դրան կից փաստաթղթերը։
ՍԴ-ում ներկայումս ստուգվում է դիմումի և կից փաստաթղթերի համապատասխանությունը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24-րդ և 25-րդ հոդվածներով նախատեսված պահանջներին։
Դիմումը մուտքագրվել է նոյեմբերի 26-ին, ՍԴ-ն դիմումը պետք է քննի և որոշում կայանցնի մուտքագրման պահից 30-օրյա ժամկետում:

