Եթե Մինսկի խմբի ձևաչափը լիարժեք չվերակագնվի և Ֆրանսիայի ջանքերը՝ վերադառնալ տարածաշրջան՝ թեկուզ Մինսկի խմբի ձևաչափով, չհաջողվեն, կարծում եմ, Արցախի համար ավելի վատ սցենար կլինի, քան նույն Աբխազիայում է, որի անկախությունը ՌԴ-ն ճանաչել է և բոլոր ծրագրերն այնտեղ իրականացնում են տեղի իշխանությունների կողմից։ Շատ դեպքերում նրանք անգամ չեն ենթարկվում Կրեմլի քմահաճույքներին, օրինակ, նախագահ ընտրելով ոչ թե Մոսկվայի առաջարկած, այլ սեփական թեկնածուին։ Արցախի դեպքում ՌԴ-ն ճանաչում է Արցախը որպես Ադրբեջանի մաս, իսկ դա նշանակում է, որ ինքը չի ճանաչում տեղի իշխանությունների լեգիտիմությունը, դրա համար էլ անմիջական կառավարում է իրականացնում, ինչը սպասելի էր։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի ղեկավար Հովսեփ Խուրշուդյանն՝ ընդգծելով, որ հիմա ամենավտանգավոր հեռանկարն այն է, որ տեղի բնակչությանը կփորձեն համոզել, որ մտնեն ՌԴ կազմի մեջ։
«Սրա միակ հակակշիռը երկու մյուս համանախագահող երկրների ակտիվացումն է։ Ֆրանսիան եւ ԱՄՆ-ը եռակողմ հայտարարության կապակցությամբ իրենց տարակուսանքը արդեն հայտնել են»։
Նրա դիտարկմամբ՝ չնայած Ֆրանսիայի ԱԳՆ-ն դեմ էր արտահայտվել Արցախի ճանաչմանը, սակայն այնտեղ կային այլ կարեւոր դրույթներ, որոնց դեմ չարտահայտվեց։ Օրինակ, Թուրքիայի և օտարերկրյա վարձկանների աջակցությամբ Ադրբեջանի իրականացրած ագրեսիայի դատապարտումը ու ադրբեջանական զորքերի դուրսբերման պահանջը սեպտեմբերի 27-ից ի վեր պատերազմական գործողությունների արդյունքում գրավված տարածքներից։ Կամ ադրբեջանական իշխանությունների կողմից Սումգայիթի, Կիրովաբադի, Բաքվի և Մարաղայի հայկական ջարդերի հիշատակումը եւ Ադրբեջանում հայ բնակչության ապրելու անհնարինության արձանագրումը։
Այն, որ ընդամենը մեկ սենատոր դեմ քվեարկեց բանաձեւին՝ վկայում է այն մասին, որ իրականում գործադիրը ոչ միայն որևէ ջանք չի գործադրել, որ բանաձեւը չընդունվի, այլ հակառակը՝ ներքուստ խրախուսել է սենատորներին՝ կողմ քվեարկել, քանի որ այդ բանաձեւը ուղերձ է լինելու՝ ուղղված Ադրբեջանին, բայց նաեւ Հայաստանին ու Արցախին, այն իմաստով, որ Ֆրանսիան ցույց է տալիս, որ կարող է շարժվել այդ ուղղությամբ, որը նախանշված է սենատի կողմից։ «Այդ ուղղությունն Ֆրանսիան կարող է զարգացնել՝ օգտագործելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ լինելու հանգամանքը, ու իրեն կարող է միանալ նաև ԱՄՆ, իսկ Պոմպեոյի այցի ընթացքում, որը նախորդեց Սենատում բանաձեւի ընդունմանը, հնարավոր է, որ քննարկվել է նման զարգացման հնարավորությունը եւ որոշակի համաձայնեցումներ արվել։ Հունվարին ԱՄՆ-ում իշխանության փոփոխությունը ամրագրելուց հետո՝ ԱՄՆ-ը եւս կակտիվանա՝ տարածաշրջան վերադառնալու հարցում, իսկ դրա վերադարձի համար միակ տարբերակը Արցախի սուբյեկտայնության վերականգնումն է։ Եթե Արցախի սուբյեկտայնությունը վերականգնվում է կամ ՄԱԿ-ի մանդատ է հաստատվում Արցախի հանդեպ, և տեղի իշխանությունները ճանաչվում են որպես տեղի հայ բնակչության շահերը պաշտպանող իրավական լեգիտիմ սուբյեկտ՝ այդ դեպքում արդեն միջազգային անվտանգային երաշխիքներ կարող են ձևակերպվել Արցախի համար, իսկ բոլոր տեսակի միջազգային մանդատները նախևառաջ կոչված են բնակչության անվտանգության ապահովմանն ու էթնիկ զտումների բացառմանը։
Այսօր ակնհայտ է, որ Ռուսաստանը չի կարողանում ապահովել տեղի բնակչության անվտանգությունը, մենք տեսնում ենք այսօր Բերձորից հայերի դուրս գալու գործընթացը, տեսնում ենք, որ համաձայնագրի ստորագրումից ի վեր Լաչինից դեպի Ստեփանակերտ անցնող ճանապարհից 10 -ից ավելի բնակիչ է առեւանգվել Ադրբեջանի կողմից, մենք տեսնում ենք նաև, որ մինչև օրս չեն վերադառնում Արցախի բնակիչների բացարձակ մեծամասնությունը Արցախ, քանի որ չեն վստահում ռուսների կողմից տրված անվտանգության երաշխիքներին, սա նշանակում է, որ ռուսները տապալում են իրենց մանդատը, իսկ իրենց ներկայության գլխավոր գաղափարը՝ բնակչության անվտանգության ապահովումն է։ Այնպես որ եթե Ֆրանսիան եւ ԱՄՆ-ը պնդեն միջազգային մանդատի հաստատումը, ապա ՌԴ-ն չի կարող հիմնավորել թե ինչու է դրան ընդդիմանում»։ Անդրադառնալով Ադրբեջանի խորհրդարանի նախաձեռնությանը ՝ Ֆրանսիային Մինսկի խմբից հեռացնելու՝ նա ընդգծեց, որ այդ մանդատը Ադրբեջանը չէ, որ տվել է Ֆրանսիային, այլ հարց է, որ Ադրբեջանը նման պատրվակով փորձի հրաժարվել մասնակցել Մինսկի խմբի խաղաղ գործընթացում։
Այդ դեպքում Ադրբեջանը պարզապես սանկցիաների առաջ կկանգնի, որպես խաղաղ գործընթացը սաբոտաժի ենթարկող, մանավանդ որ Ֆրանսիան գործադիրի մակարդակում դեռևս չի ճանաչել Արցախը։ Պատահական չէ, որ նման քայլի գնացել է Ադրբեջանի խորհրդարանը։ Եթե նման գործընթաց սկսի նաև Արբեջանի կառավարությունը՝ դա կարող է նաեւ ամբողջությամբ ազատել Ֆրանսիայի ձեռքերը՝ միջնորդի պարտավորություններից։ Ես չեմ բացառում, որ այդ դեպքում ԱՄՆ-ն այլ ձևաչափի մասին առաջարկ ներկայացնի՝ օրինակ՝ նոր խաղաղ կոնֆերանս հրավիրելու ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի շրջանակներում։
Չեմ կարծում, որ այդ կոնֆերանսում կամ այլ ձևաչափում, եթե այդպիսին լինի, Ադրբեջանը ավելի շահեկան դիրքերում կլինի, քանի որ բոլոր 3 համանախագահ երկրներն էլ նրան ճանաչել են որպես ագրեսոր կողմ, որ Ադրբեջանն է սկսել պատերազմը։ Իսկ այսօր՝ Մինսկի խմբում, համանախագահները շատ թե քիչ կաշկանդված են իրենց միջնորդական կարգավիճակով։ Իսկ ազատվելով կաշկանդող ձեւաչափից՝ շատ ավելի կոշտ միջոցառումներ կարող են իրակականացվել՝ ընդհուպ մինչև Կոսովոյի սցենարով՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից հատուկ միջոցառումների իրականացում՝ խաղաղապահների մուտքը այն տարածքներ, որ նախանշել էր Ֆրանսիայի սենատը։
Այսինքն՝ մինչև սեպտեմբերի 27-ի պատերազմ սկսելու դրությամբ եղած սահմանները։ Հետևաբար, կարծում եմ, դա պարզապես ջղագրգիռ ակցիա է Ադրբեջանի կողմից ու զուտ քարոզչական նպատակ ուներ, իրենց շահերից չի բխում Մինսկի խմբի ձևաչափի տապալումը»։

