Նոյեմբերի 9-ի գիշերը երեք երկրների ղեկավարների կողմից ստորագրված հայտարարության համաձայն և նախատեսված ժամկետներում սկսել են իրականացվել համապատասխան աշխատանքներ՝ հայտարարության կետերի կատարման ուղղությամբ։
9 կետերից բաղկացած հայտարարության կետերից մասնակի կամ ամբողջությամբ կատարվել է արդեն մեծ մասը։
Առաջին կետը, որը վերաբերում էր ռազմական գործողությունների ավարտին, կատարվել է հայտարարության ստորագրումից ժամեր անց։
Երկրորդ կետը, որով նախատեսված էր, Աղդամի շրջանը վերադարձվում է Ադրբեջանի Հանրապետությանը մինչև 2020 թվականի նոյեմբերի 20-ը, ևս կատարվել է։
Երրորդ և չորրորդ կետերը վերաբերում են ռուս խաղաղապահների տեղակայմանը և հայկական զինուժի դուրսբերմանը։ Մասնավորապես Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է Հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ: Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվելու է ժամկետ 5 տարի ժամկետով, որը ինքնաբերաբար երկարաձգվելու է հերթական 5-ամյա ժամկետով, եթե միայն Կողմերից որևէ մեկը տվյալ ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի սույն դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Հինգերորդ կետով նախատեսված խաղաղապահ կենտրոնը, որը պետք է վերահսկի հայտարարության կետերի արդյունավետ կատարումը ևս արդեն իրականացման փուլում է գտնվում։ Արցախում խաղաղապահ առաքելության ղեկավար է նշանակվել Ռուստամ Մուրադովը։
Թերևս ամենացավոտ տարածքային զիջումները նախատեսված են իրականացնել 6-րդ կետով։ Մասնավորապես համաձայն այս կետի՝ Հայաստանն Ադրբեջանին հանձնեց Քելբաջարի շրջանը։ Այս շրջանի հանձնումը նախատեսված էր մինչև 2020 թ. նոյեմբերի 15-ը, սակայն ձեռք բերված պայմանավորվածության համաձայն այն իրականացվեց նոյեմբերի 25-ին։ Նույն կետի համաձայն ընդամենը 3 օրից՝ դեկտեմբերի 1-ին էլ Լաչինի շրջանը կհանձնվի: Հայկական կողմին կտրամադրվի միայն Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, ընդորում շրջանցելով Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո:
Կողմերի համաձայնությամբ, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա 3 տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար: Նկատենք, որ ի տարբերություն տարածքներ հանձնելուն, որտեղ լրացուցիչ հստակեցման անհրաժեշտություն չեն տեսել կողմերը, երկաթուղու կառուցմանը վերաբերող հատվածում, ինչպես տեսնում ենք հստակեցման խնդիր կա, որը պետք է իրականացվի առաջիկա 3 տարում։
7-րդ և 8-րդ կետերում, որոնք վերաբերում են ներքին տեղահանված անձանց, փախստականներին վերադարձին, ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակմանը, որևէ ժամկետ նշված չէ, ինչից, ինչպես տեսնում ենք, թշնամին կարողանում է օգտվել և դա է պատճառը, որ մինչ այժմ որևէ գերիի փոխանակում տեղի չի ունեցել և անգամ չկա բանավոր պայմանավորվածության վրա հիմնված որևէ հայտարարություն, թե դա երբ պետք է տեղի ունենա կամ այս ուղղությամբ առարկայական ինչ քայլեր են ձեռնարկվել։
Վերջին կետով էլ Հայաստանը՝ Մեղրիի հատվածով միջանցք է տրամադրում Ադրբեջանին, երաշխավորում տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար:
Նկատենք, որ հայտարարության կետերի կատարման առումով հստակ ժամկետներ սահմանված են միայն այն կետերում, որոնք վերաբերում են Հայաստանի կողմից տարածքային զիջումներին։
Տարածքային զիջման առումով Հայաստանը Ադրբեջանին 3 օրից կհանձնի Լաչինը, այսպիսով ավարտելով տարածքների հանձնման գործընթացը։ Այս կետից հետո, հավանաբար կմեկնարկի Մեղրիով միջանցք տրամադրելու գործընթացը, քանի որ վերջինիս համար որևէ ժամկետ նշված չէ, իսկ Լաչինի հանձնումը նման գործընթաց սկսելու տրամաբանական շարունակությունը կարող է լինել։ Իսկ գերիների հարցը, լինելով առաջնայիններից մեկը, դեռևս շարունակում է մնալ անորոշ։

