Հովհաննես Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նիկոլ Փաշինյան, պատերազմի առաջին օրը հայտարարեցիր. «Եկեք պայմանավորվենք մի բան՝ ինչ էլ լինի, մենք մեզ երբեք պարտված չենք ճանաչի...»: Սա նկատի ունեի՞ր...
Դե հիմա լսիր ուշադիր:
Ո՛չ, չենք պայմանավորվում, որովհետև հայ ժողովուրդը բարի և վստահող, բայց իմաստուն ու խորը ժողովուրդ է, նրան խաբել ու նվաստացնել չի կարելի:
Ո՛չ, չենք պայմանավորվում, որովհետև դու` բացառապես քո չհիմնավորված հպարտությամբ, արժանի չես այս արժանապատիվ ազգի լիդերը լինելուն:
Ո՛չ, որովհետև դու ու քո թիմը տապալել եք ամեն ինչ, ինչին դիպչել եք, և, որ ամենացավալին է` առաջնորդել եք ժողովրդին դեպի պարտություն, և քար եք նետել Արցախի ճակատագրին:
Ո՛չ, չենք պայմանավորվում, որովհետև ձեր քաղաքական իշխանության անմեղսունակ քայլերով պատճառ եք դարձել հազարավոր զոհերի և տասնյակ հազարավոր խեղված ճակատագրերի, հայրենազրկման և հումանիտար աղետի:
Ո՛չ, չենք պայմանավորվում, որովհետև այս ազգային ողբերգության ծավալները գնահատելու և ժողովրդին ինքնակազմակերպվելու և ողնաշարը շտկելու համար քո հեռանալով շանս տալու փոխարեն աշխարհին հայտնի և անհայտ բոլոր հնարքներն ես օգտագործում քո սրբության սրբոց ԱԹՈՌԻՆ մնալու համար: Եվ դա այն դեպքում, երբ քո կապիտուլյանտական քայլերից ոգևորված թշնամին իր կեղտոտ ոտքն է դնում արդեն Հայաստանի Հանրապետության տարածքի վրա...
Մենք պայմանավորվելու որևէ բան չունենք, հեռացի՛ր...»:

