Դեռ սեպտեմբերի 29-ին՝ պատերազմը սկսելուց 2 օր անց զենքի արտադրությամբ զբաղվող ռուսական ORSIS ընկերության տնօրենը կապվում է ՀՀ ՊՆ-ի հետ ու չնայած 6 դատական գործընթացներին՝ առաջարկում է փամփուշտից սկսած մինչև գրադ՝ ցանկացած տիպի անհրաժեշտ զինատեսակների տրամադրում, ընդ որում՝ անվճար ու անսահմանափակ։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը։
«Նա նաև առաջարկում է գումարի մարման ժամականացույցը որոշել 2021 թ-ին, գումարն էլ առաջարկում է 5 տարվա ընթացքում մարել։ Այդ հարցը մինչև երեկ դեռ լուծված չէր։ Հայկական կողմն ամեն ինչ արեց, որ այդ զինամթերքը չբերելու համար՝ ընդ որում՝ ամենաանհեթեթ պատճառաբանությամբ, թե գրադի տեխանձնագիրը ուղարկեք՝ նայենք, գրադի ֆոտոն ուղարկեք՝ նայենք, փամփուշտը կշռի տեսնենք։ Դեռ երեկ առավոտյան՝ պատերազմից 15 օր անց այդ հարցը դեռ լուծված չէր։ Այն բանից հետո, երբ ես երեկ լրատվամիջոցներից մեկին ուղիղ եթերում պատմեցի այս ամենի վերաբերյալ՝ հարցազրույցից 3 րոպե անց՝ ORSIS-ի տնօրենն ինձ զանգեց ու տեղեկացրեց, որ Հայաստանից զանգել են ու գրադները ուզում են։ Վստահեցնում եմ, որ քննիչը իրենց այդ հարցն ուղղելու է, իրենց անպայման հարցնելու են՝ նման առաջարկ եղե՞լ է, թե՞ ոչ՝ անվճար, անսահմանափակ 5 տարվա մարման ժամանակացույցով։ Այդ մասին գրավոր ամբողջ երկխոսությունը մենք ունենք՝ իրենք չեն կարող ասել, թե նման բան չի եղել։ Այս ամենի պատասխանատուն գործող նախարարն ու Դավիթ Գալստյանն են։ Եթե պատերազմի ժամանակ քեզ զենք են առաջարկում, դու չես վերցնում ու շարունակում ես Պատրոն Դավիթից զենք առնել՝ էլ ինչի՞ մասին կարելի է խոսել։ Մենք փամփուշտների ու գրադների լուսանկարներն ու տեխանձնագրերն էլ ունենք։ Իրենց առաջարկվել է ամբողջությամբ նոր զինտեխնիկա՝ 2020 թվականի արտադրության»։
Նա ընդգծեց, որ Մովսես Հակոբյանի ներկայացրած տվյալներով հարուցված քրեական գործի շրջանակներում անպայման ներկայացնելու են նաև այդ նամակագրությունը։ «Մենք անպայման կօգնենք իրավապահներին, այս անգամ գործը չի կարճվելու անհեթեթ պատճառաբանություններով, թե նախկինում փամփուշտը գնվում էր 2 անգամ թանկ, հետո երբ ORSIS եկավ՝ պատրոնի գինը իջավ, որակը բարձրացավ, բայց դե շուկա է՝ գինը կարող է տատանվել»,-ասաց Սիրունյանը։
Նա նաև պատմեց, որ ըստ օդում կախված լուրերի օֆշորային մի ընկերություն ունեցել է մեր ՊՆ-ի անունից իրավունք, ավելին՝ օգտվել է մեր ՊՆ-ի արտոնություններից՝ 40 տոկոս զեղչով զենք գնելու համապատասպան աղբյուրներից, որը թույլ է տվել զեղչով ձեռք բերված ռազմամթերքի մի մասը հանձնել բանակին, իսկ մի մասը տնօրինել սեփական հայեցողությամբ և վաճառել այլ անձանց։

