Մեր իշխանությունները իսկապես անկեղծ եւ հետեւողական են մեզ ինչ-որ բաներ ապացուցելու, ցույց տալու հարցում, Վանո Սիրադեղյանի հայտնի խոսքի մոտիվներով՝ «նրանց ուժը նրանց բառադիության մեջ է»։ Իհարկե, այլ հարց է, որ խորը թմբիրի մեջ գտնվող հանրության մի ստվար հատվածի ոչինչ հետաքրքիր չէ, եթե նրանք արդարացնում են պատերազմում մեր խայտառակ պարտությունը, կորուստները եւ ստորագրված հայտարարությունը, չենք կարող ակնկալել պահանջատիրություն, հանրային վերահսկողություն։
Քանի հարցազրույց պետք է տա ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, քանի մտքի փայլատակում պետք է լսենք նրանից, որ հասկանանք այս իշխանության պրոֆեսիոնալ որակը կամ դրա բացակայությունը։
ՔՊ-ի թիվ մեկ պաշտոնյան, պառլամենտական կառավարման երկրում ԱԺ փոխխոսնակը հայտարարում է, թե տարածքները կորսվել են կռվի դաշտում, ով է հող հանձնել, կամ եթե նախկինները մեզ մեղադրում էին հող հանձնելու մեջ, ուրեմն մի բան գիտեին։ Տիկին, կողմնորոշվեք, հիմա դուք հող հանձնող եք, թե տարածքները կորսվել են, իսկ ինչու եք հանձնել չկորսված տարածքները, ինչու եք տվել Շուշին, ինչու չեք դադարեցրել պատերազմը օր առաջ՝ ավելի բարվոք պայմաններով, այդ մասին խոսել է թե՛ ՌԴ նախագահը, թե՛ պատերազմը լուսաբանած Պեգովը, թե՛ Արցախի ՊԲ նախկին հրամանատար Մովսես Հակոբյանը։
Հանրայինում երեկվա հարցազրույցից հետո մեկ անգամ եւս կարող ենք արձանագրել, որ այս իշխանությունը ո՛չ երկիր կառավարող է, ո՛չ բանակցող, ո՛չ պատերազմող, ոչինչ, ուստի՝ ինչ ակնկալիքներ կարող են լինել նրանցից կամ դեռ որեւէ մեկի համար զարմանալի է, թե ինչու այսպես եղավ։
Բայց շատերին բավարարում է լենանազարյանական մակարդակը։Կմկմալով, վախվորած, չկարողանալով նախադասություններ կազմել, ավարտուն մտքեր արտահայտել, հոդաբաշխ պնդում կատարել։ Նա է ձեր սրտի ԱԺ փոխխոսնակը, իշխող քաղաքական ուժի թիվ մեկ պաշտոնյան, պառլամենտական կառավարման երկրում առաջնային մանդատ ունեցողը։
Նա այն նույն Նազարյանն է, ով հայտարարել էր, որ պարգեւատրումները իներցիայով են եղել, պարզվեց՝ դրանք իներցիայով շարունակվել են անգամ պատերազմի ժամանակ։ Նա այն նույն Լենա Նազարյանն է, ով հայտարարել է, թե իրենք հո նվիրյալներ չեն, ընտանիք, վարկ մոռանան՝ չարքաշ աշխատեն։ Ոչ նվիրյալ Նազարյանը իր «գերպրոֆեսիոնալ» աշխատանքի դիմաց ստացած վարձատրությամբ կարողացել է տուն ձեռք բերել, սա ընդամենը հայտարարագրում առկա պաշտոնական տվյալն է։ Ի դեպ, նոր իշխանության բազմաթիվ համակիրներ առանձնակի ծանր են տանում եւ մինչեւ հոգու խորքը վիրավորվում, երբ հայտարարագրերը ներկայացնելիս լրագրողները գրում են, թե տուն է ձեռք բերել, սոցիալական վիճակը լավացել է։ Պատճառաբանությունը, իհարկե, մանկամսուրային է, թե «աշխատավարձով է ձեռք բերել, ամեն երկրորդը կարող է ձեռք բերել, բա որ թալանում էին, լա՞վ էր»։ Եթե կարծում եք՝ Նազարյանը արժանի է իր ստացած աշխատավարձին, միլիոնավոր դրամներ կազմող պարգեւավճարներին, պաշտոնին եւ կոչումին, ուրեմն սպասեք նրա հաջորդ հարցազրույցներին։
Ձեր սրտի փոխխոսնակը ոչ միայն իր «լավ» պատրաստված, նախօրոք ծրագրված հարցազրույցներով, մշակված հայտարարություններով է ամեն վայրկյան ձեզ ապացուցում իր տհասությունը, այլեւ ֆեյսբուքյան գրառումներով։ Պրոֆեսիոնալ որակների հարցը այստեղ կարելի է փակել, որովհետեւ չես կարող խոսել մի բանի մասին, որը չկա։
Ինչ վերաբերում է մարդկային եւ բարոյական որակներին, ապա այստեղ եւս հուսադրող պատկեր չէ։ Սկզբնական շրջանում Նազարյանի նկատմամբ դրական վերաբերմունք կար՝ հաշվի առնելով մարդկային, բարոյական որակներ, անգամ ներվում էին նրա թույլ կարողությունները եւ սակավ գիտելիքները հատկապես նախկինների հետ համեմատությամբ՝ հուսալով, որ կսովորի։
Պատերազմը դադարեցնելու հայտնի հայտարարությունից հետո նրա միակ մտահոգությունը ԱԺ-ի վնասված գույքն է, թե ինչու խորհրդարանի, կառավարության շենքերում տեղի ունեցածը պատշաճ չեն դատապարտել։
Նրա բարոյական նկարագիրը երեւում է էջում տարածած, ապա ջնջած հայհոյանքներով, բռնության կոչերով լի տեսանյութից։
Պատերազմից հետո նրա հրապարակային գործողությունները, իրականությունից կտրված պնդումները, ամեն գնով իշխանությունը պահելու ջանքերը ցույց են տալիս մի քանի բան։ Նազարյանը այլ իրականության մեջ է ապրում, նա խորը քուն է մտել եւ չի արթնացել, Նազարյանի համար ընդունելի է կապիտուլյացիայի փաստաթուղթը, դա միակ ճիշտ լուծումն է կամ Նազարյանը չի հասկանում, թե ինչ է ասում կամ հանրությանն է չհասկացողի տեղ դրել։
Առաջինի դեպքում միայն կարող ենք նախանձել ԱԺ փոխխոսնակին, նրա անհոգությունից մաղթել մեր ազգին, նա առաջնորդվում է Փաշինյանի սկզբունքով՝ «եթե բոլորին թվա, որ մենք պարտվել ենք, մենք մեզ պարտված չենք համարի»։ Նազարյանը հաղթահարել է աղքատությունը կյանքում, իսկ պարտությունը՝ գլխում, տարոսը մեզ։
Երկրորդ, եթե կապիտուլյացիայի փաստաթուղթը ընդունելի է ԱԺ փոխխոսնակի համար, ապա թող սպասի Աստծու եւ արդարադատության դատին, Նազարյանի մեղադրանքի մեջ կավելանա եւս մի քանի հոդված։ Երրորդի դեպքում Նազարյանը մեղավոր չէ, որ չի հասկանում, թե ինչ է եղել կամ ինչ է ասում։ Մեղավոր չեն նաեւ այն չհասկացողները, ովքեր Նազարյանին բերել են իշխանության։ Մենք բոլորս գերի ենք չհասկացող Նազարյանին եւ չհասկանալով նրանց իշխանություն բերողների ձեռքին, հետեւաբար՝ քաղենք փոքրամասնություն լինելու դառը պտուղները։ Իսկ դուք շարունակեք հպարտանալ ձեր սրտի փոխխոսնակով։ Թերեւս այդ մակարդակով էլ խորհրդարանական դիվանագիտություն են վարում, բանակցում, օրենքներ գրում, ընտրողների հետ աշխատում։ Այսքանից հետո ինչո՞ւ եք զարմանում, որ գերիների հարցով Պուտինն է զբաղվում, որ տարածքների հանձնման ժամկետ կա, գերիների փոխանակման ժամկետ չկա, որ Արցախում հասարակական տրանսպորտի աշխատանքի մասին հայտարարում է ՌԴ ՊՆ-ն, ՌԴ ԱԻՆ-ն էլ վերահսկում է մարդասիրական օգնության բաժանումը Արցախում...ձեր ընտրած ապիկար իշխանությունների պարագայում սա հենց այն իրականությունն է, որը երազել եք, որի համար քայլել եք եւ աշխարհի մասշտաբով աննախադեպ սիրո եւ համերաշխության հեղափոխություն արել։

