Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր թշնամու բանակը անցել է Քարվաճառի ու ՀՀ սահմանի միջև նախապես տեղադրված դարպասները և հասել Սոթքի ոսկու հանքավայրին։
ArmDaily.am-ի հետ զրույցում Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը հայտնեց, որ թշնամու զորքերը անցել են տեղադրված դարպասներից մոտ 2 կմ և այժմ գտնվում են ՀՀ-ի ու Քարվաճառի սահմանագծին։ «Այս պահին տեղում Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները, կորպուսի հրամանատարը բանակցում են թշնամու հետ։ Այս պահի իրենց գտնված վայրը շատ բարձրադիր է ու դուրս է գալիս, որ գան ձեր տան կրիշի վրա նստեն, մենք էլ, դուք էլ բակում։ Հիմա մեր տան կրիշի վրա նստած են, այդպես է ստացվում։ Բարձր, հենց սարի վրա իրենք նստած են»։
Նա նշեց, որ Սոթքի ոսկու հանքն անմիջապես գտնվելու է իրենց վերահսկողության տակ. «Հանքի որոշ մասը անցնելու է իրենց, բայց հանքի աշխատակիցները հո՞ չեն կարող գնալ իրենց հենց աչքի դեմը գործ անեն, ո՞վ ռիսկ կանի, ինչքանով անվտանգ կլինի՞ դա»։
Ավետյանը նշեց, որ հանքի աշխատակիցները տեղյակ չեն եղել, որ հնարավոր է նման իրավիճակ լինի. «Նրանք այսօր սովորականի նման իրենց աշխատանքին են եղել ու մեկ էլ պատահական տեսել են, որ գալիս են»։
Նշենք, որ ավելի վաղ ՊՆ-ն հերքել էր լրատվամիջոցներում տարածված լուրերը։

