Նա անդրադարձավ նաև Ֆրանսիայի Սենատի կողմից Արցախը ճանաչելու մասին պատմական բանաձևին. «Ֆրանսիացիները պատրաստ են ճանաչել Արցախը սեպտեմբերի 26-ի սահմաններով` թուրք-ադրբեջանական կոալիցիայից պահանջելով դուրս գալ զբաղեցրած տարածքներից: Սխալ են և նրանք, որ սա դատարկ թուղթ են համարում, և նրանք, ովքեր կարծում են, որ Արցախն այլևս ճանաչված պետություն է: Ֆրանսիան կարևորագույն նախադեպ է ստեղծել»,-ԱԺ-ում հայտարարեց ԱԺ անկախ պատգամավոր Արման բաբաջանյանը։
Անդրադառնալով ԱԳ նորանշանակ նախարարի հայտարարությանը` Արման Բաբաջանյանը հույս հայտնեց, որ նա ժամանակավոր է. «Այս աղետալի փաստաթղթի առաջին պատասխանատուն 98 թվականից Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունն է, ՀՀ որդեգրած արտաքին քաղաքականությունն է, որի հետևանքները ցավալիորեն կրեցին մեր զինվորները, կամավորները և պահեստազորը: Բանակը չի պարտվել, բանակը արել է անկարելին, պարտվողը եղել է քաղաքական իշխանությունը, որը պետությունը անպատրաստ բերել-հասցրել է այս պատերազմին։ Վստահության այս պաշարով հասարակությանը հասցվելու է անդառնալի կորուստներ: Ես ռազմական դրությունից շատ ավելի անհետաձգելի եմ համարում Արցախի խնդրի վերջնական կարգավորումն ու բանակցողի հարցը: Հեռու եմ այն մտքից, որ արցախյան հարցի շուրջ բանակցություններում կարող է ՀՀ-ն ներկայացնել վարչապետը»:
Նա ընդգծեց` հասարակությունը չի ուզում, որ հրաժարականը տեղի ունենա այդ հրապարակում պահանջողների պահանջով. «Հարց է՝ հրապարակը օգնո՞ւմ, թե՞ խանգարում է վարչապետի հրաժարականին»:

