ԱԺ-ում այսօր կրքերը թեժացան «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանի ելույթի ժամանակ, երբ նա դիմելով ընդդիմադիրներին նշեց՝ կարող է պատմել, թե ինչ են նրանք արել պատերազմի օրերին, բայց դրա վրա չի կենտրոնանա։
«Պատմե՞մ պարոն Աբովյան։ Պարոն Աբովյանը ԵԱՀԿ խորհրդարանական պատվիրակ է արդեն 8 ամիս, պարզվում է, որ բուռն ելույթներ ունենալու տաղանդ ունի։ Գիտե՞ք՝ քանի անգամ է այդ նիստերին մասնակցել, գուշակեք՝ 3»,-նշեց նա։
Դահլիճից արձագանքեցին ԲՀԿ-ական պատգամավորները։
Դանիելյանը շարունակելով նշեց, որ շատ բան կարող է ասել, բայց դրա ժամանակը չէ, քանի որ հիմա խնդիրները լուծելու խոսելու ժամանակն է, այլ ոչ թե՝ աթոռակռվի. «Տարոն Սիմոնյանն այն քիչ մարդկանցից է, որոնց ես համարում եմ ազնիվ»։
Դանիելյանի ելույթի ժամանակ բորբոքվեց ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, որին հանդարտության կոչ արեց Ալեն Սիմոնյանը։
«Ես հեսա անվտանգության աշխատակիցներին կհրավիրեմ, ես չեմ վախեցնում, ուզում եմ, որ այս դահլիճում կարգ ու կանոն լինի»,- նշեց Սիմոնյանը։
Այդ ընթացքում հարցեր պարզելու համար ԲՀԿ պատգամավորներին մոտեցավ «Իմ քայլի» պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը, որից հետո դահլիճ մտան անվտանգության աշխատակիցները։

