«Ինձ հետաքրքրում է` ինչո՞ւ է հայերն ադրբեջանցի զինվորականի հետ մնացել մեն-մենակ, ո՞ւր է մեր սահմանապահ ծառայությունը, ո՞ւր է բանակը, խաղաղապահները և ինչո՞ւ է ադրբեջանցուն մեր քաղաքացին խնդրում, որ իրեն թողնի իր ապրանքը իր տնից դուրս հանի»,-ԱԺ-ում հայտարարեց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Նա նշեց, որ արդեն հասկացել ենք, որ պարտվել ենք, դա հետագայում կքննարկվի, թե ինչու, սակայն հիմա խնդիրներ ունենք, որոնք չեն լուծվում. «Քիչ առաջ ահազանգեր ստացա, նաև տեսա, որ իմ գործընկերներն են ահազանգել։ Մենք հենց այս պահին խնդիր ունենք Քարվաճառի շրջանում, երեկ դրված դարպասներն այսօր արդեն կոտրվել են ու իրենք առաջ են գալիս։ Ուզում եմ ծանուցել, որ քիչ առաջ խոսել եմ կորպուսի հրամանատարի հետ, համենայն դեպս այն պահին, երբ ես խոսեցի, հանք ներխուժելու մասով ինֆորմացիան չհաստատվեց, բայց այն, որ դարպասները կոտրվել են, առաջ են գալիս ու դրանք ուրիշ տեղ պետք է դրվեն, դա հաստատվեց ու դա մեղմ ասած, խայտառակություն է։ Ես չեմ հասկանում, թե եռակողմ պայմանագրի երկրորդ կամ երրորդ կողմն ո՞ւր է։ Ես խնդրում եմ, որպես այդ մարզից ընտրված պատգամավոր, պաշտպանեք Վարդենիսի շրջանի բնակիչների իրավունքները, իրենց անվտանգությունը, մենք խնդիր ունենք հարգելիներս։
Հարգելի բանակ, կանգնեք ձեր ժողովրդի կողքին, մարդիկ մենակ են մնացել։ Ու հիմա եթե պարզվի, որ այս ընթացքում, երբ ես խոսում եմ, ազերիները մտել են հանքի տարածք, ապա դա լրջագույն խնդիր է, քանի որ Սոքթը Վարդենիսի տարածք է»։

