Եթե այս բնագիծը, որտեղ կանգնել են Արցախում երկու հակամարտող կողմերը, դիտարկեն որպես սահման, ապա մենք միջազգային հարաբերություններում խայտառակ աննախադեպ բան կունենանք, երբ սահմանների ընդգծմանն ու հաստատագրմանը մասնակցել են ահաբեկչական ուժեր։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին ղեկավար, քաղաքագետ Հայկ Դեմոյանն՝ ընդգծելով, որ հայկական դիվանագիտության անելիքը պետք է սա լինի, պետք է հանել առաջին գիծ, և անընդհատ ցույց տալ աշխարհին, ու հարց տալ, թե որքանով են ընդունելի ՄԱԿ-ին, միջազգային կազմակերպություններին, ՄԱԿ-ի անդամ բոլոր պետություններին, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ներկայացուցիչներին ահաբեկիչների օգնությամբ գծված սահմանները։
«Եթե ընդունելի է, ապա մենք միջազգային հարաբերություններում լրիվ նոր իրավիճակ ունենք, ամեն երկիր կունենա իր գրպանի ահաբեկչական խմբավորումները և հարցեր կլուծի իր սահմաների ներսում, կճնշի ինքնորոշման ձգտող էթնոսիներին՝ օգտագործելով վարձկան ահաբեկիչներին։ Դա արդեն պետք է ամրագել ՄԱԿ-ի բանաձևով, որ դա այլևս ընդունելի է, և ի չիք դարձնենք մնացած բոլոր բանաձևերը ու այսպես շարունակել»։
Նա ընդգծեց, որ մեր դիվանագիտության աշխատանքը պետք է լինի ընդլայնել ռուսական խաղաղապահ ուժերի ներկայության աշխարհագրությունը այն սահմաններում, որը համապատասխանում է ԼՂԻՄ-ի սահմաններին։ «Այսինքն, ԼՂՀ կամ Արցախ հասկացությունը դա աշխարհագրական հասկացություն չէ , որը սահմաններ չունի, այն ադմինիստրատիվ, վարչական միավոր է, եթե վարչական միավոր է, հետեւաբար ունենալու է սահմաններ, այդ սահմանները նրանք են, որոնք եղել են 1988-ին»։
Դիտարկմանը, որ այս պահին Արցախում գծվում են սահմաններ ու այդ աշխատանքներին չի մասնակցում հայկական կողմը՝ նա ընդգծեց, որ փաստաթուղթը եռակողմ է ու այստեղ ՀՀ-ն ունի իր իրավունքները՝ խոսելու և մասնակցելու այդ գործընթացներին։ «Կա քարտեզ, որտեղ նշված են սահմանները, կա փախստականների հարց, որը ևս պետք է օրակարգային լինի։ Լաչինի միջանցքը պետք է փորձել ընդլայնել մինչև 10 կմ։ Հարցն այն է, թե մենք որքանով կարող ենք ճիշտ բանակցել ռուսական կողմի հետ, որպեսզի արցախահայությունն ապրի իր պատմական հայրենիքում, ունենա կարգավիճակ և աշխատել կարգավիճակի հետագա խորացման ուղղությամբ։ Սա պետք է լինի քայլերի հաջորդականությունը, և թե որքանով մենք պետք է փորձենք վերահսկել ադրբեջանցիների մուտքը բուն Արցախի տարածք, որտեղ ինչ քանակով ու սկզբունքով ենք նրանց տեղաբաշխում, ովքեր են նրանք։ Այս ամբողջ մեխանիզմները պետք է լինեն բանակցությունների սեղանին»։
Նրա դիտարկմամբ՝ հիմա ամենակարևոր հարցը անհայտ կորածների և ռազմագերիների հարցն է, և անպայման պետք է ներկայացվի մեր մոտ առկա գերիներին, քանի որ այն, ինչ անում են ադրբեջանցիները՝ հոգեբանական պատերազմ է, որը շարունակում են վարել հայկական կողմի դեմ, ու հայկական կողմը չպետք է պասիվ դերակատարում ունենա, իհարկե, միջազգային օրենքները խախտելով, բայց չնմանվելով ադրբեջանական կողմին։ «Պետք է ցույց տա առկայությունը գերիների և քաղաքակրթական տարբերությունները մեր և նրանց։ Հաջորդը պետք է փախստականների վերադարձի ու նրանց հատուցման, ականազերծման աշխատանքները, միաժամանակ, պետք է հասնել 1988թ-ի սահմաններում կարգավիճակի հետագա քննարկման»։

