«Հայաստան» համահայկական հիմնադրամին գումարների փոխանցման ակտիվությունը նվազել էր արդեն մոտ 2 շաբաթ առաջ, որովհետև անընդհատ դրամահավաք հնարավոր չէ իրականացնել։ Այս մասին այսօր ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» համահայկական հիմնադրամի մամուլի բաժնի աշխատակից Աշոտ Բարսեղյանը։
«Հիմա ակտիվությունն այն առումով է մեծացել, որ հատկապես վերջին օրերին դրամահավաքներ են եղել Ֆրանսիայում՝ Ֆոնեթոնը, այս գիշեր ԱՄՆ-ում սկսվելու է թելեթոնը, ավելի վաղ դրամահավաքներ են եղել Արգենտինայում, Հոլանդիայում և այս դրամահավանքերը շարունակական են։ Հիմա հատկապես սփյուռքը տեսնելով, որ կարիք կա շատ գումարների ու տեսնելով, որ մարդիկ կարիք ունեն օգնության ակտիվությունը մեծացել է։ Պարզ է, որ պատերազմի առաջին օրերին, երբ հուզմունքը շատ էր, մարդիկ որքան խնայած գումանրներ ունեին, բոլորը ուղղում էին դրան ու դրա համար մեծ գումարներ եկան։
Դիտարկմանը, որ անհատ քաղաքացիներից դրամական փոխանցումների պասիվություն է նկատվում՝ նա արձագանքեց. «Դա բնական է, եթե ակտիվ գործողություններ չի իրականացվում դրամահավաքի, այդ ակտիվությունը նվազում է։ Պատերազմի 1-ին, 2-րդ, 3-րդ և հատկապես 4-րդ շաբաթը ակտիվությունը մեծ էր։ Եթե համեմատությամբ վերցնենք, ամեն տարի տարեկան առավելագույնը 20 մլն դոլար գումար է հավաքվել, իսկ միայն պատերազմի հետ կապված արդեն ավելի քան 170մլն դոլար հավաքվել է»։
Բարսեղյանը նշեց, որ ծախսերի մասին ամբողջական հաշվետվություն կարող են ներկայացնել միայն միջազգային աուդիտից հետո. «Օրինակ շտապ օգնության մեքենաներ ենք գնել, մարդկանց տաքությունը ապահովելու համար գեներատորներ ենք գնել, դեղամիջոցներ ենք գնել, նաև ստացել ենք դրսից և այլն»։
Անդրադառնալով Կառավարությանը գումարներ հատկացնելուն՝ Բարսեղյանը նշեց, որ դրամահավաքը սկսելու համար Արցախի ու Հայաստանի կառավարություններն էին դիմել. ««Մենք ենք, մեր սահմանները» համազգային դրամահավաքը խնդրանք էր երկու կառավարությունների կողմից և իրենց կողմից էլ խնդրանք է եղել, որ որպեսզի կարողանան սոցիալական ծախսերը փակել, մարդկանց կարիքները հոգալ, քանի որ հիմնադրամը հումանիտար ուղղվածություն ունի, և չի կարող այլ նպատակով գումարները ծախսել, այդ բացը առաջացել էր պետությունում, դրա համար խնդրել են մեզ որոշակի գումարներ տալ։ Վերջին անգամ հիմնադրամը կառավարությանը գումար է հատկացրել նոյեմբերի 1-ին։ Եթե հիմանդրամը գումարը կառավարությանը փոխանցելու փոխարեն փորձեր ինքնուրույն այդ ծրագրերն իրականացներ, ապա անհրաժեշտություն կլիներ մեծ թվով մարդկանց աշխատանքի ընդունել և միայն այդ մարդկանց աշխատավարձի վրա ահռելի գումարներ կծախսվեր»։
Նա նշեց, որ այս պահին չի կարող ասել, թե հիմնադրամի հաշվին որքան գումար է մնացել, քանի որ այդ տվյալներին չի տիրապետում։
Նշենք, որ հիմնադրանը կառավարությանը փոխանցել է ընդհանուր առմամբ 100,978,491.5 հազ. ՀՀ դրամ։
«Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսական միջոցների ծախսերի վերաբերյալ հայտարարությունը կարող եք գտնել հետևյալ հղմամբ:

