Վարչապետ Փաշինյանը շարունակում է մեզ զարմացնել տարօրինակ կադրային քաղաքականությամբ։ Արդեն հոգնել ենք գրել, որ իշխանության լեգիտիմիության առումով որոշումները պետք է լինեն հրապարակային եւ հիմնավորված։ Ժողովրդավար եւ հաշվետու լինելու մասին իշխանություններից միայն ելույթներ ենք լսում, իսկ գործնականում այդպես էլ որեւէ բացատրություն չկա, թե ինչու են Հայաստանում այսքան հաճախ փոխվում նախարարները, փոխնախարարները, ինչ խնդիրներ են եղել նրանց գործունեության մեջ, ինչով են առավել նրանց փոխարինողները։
Որեւէ մեկի համար հստա՞կ է, թե, օրինակ, ինչ նպատակ է հետապնդում ԱԳնախարարի պաշտոնում Զոհրաբ Մնացականյանի փոխարինումը Արա Այվազյանով։ Եթե խնդիրը ստորագրված հայտարարությունն է եղել, ապա պարզվել էր, որ դրանից նախարարը տեղյակ չէր։ Եթե նա թերացել է, ապա գուցե արժե այդ մասին հայտարարե՞լ, լուսավորել հանրությանը։
Ինչո՞ւ է աշխատանքից ազատվում Դավիթ Տոնոյանը եւ ինչու է այդ կարեւոր պաշտոնին նշանակվում Վաղարշակ Հարությունյանը։ Հաշվի առնելով մամուլում առկա փաստաթղթերը ՊՆ-ում կոռուպցիոն բացահայտումների մասին՝ ինչո՞ւ է իշխանությունը նրան փրկում ընդամենը ազատելով պաշտոնից։ Մի՞թե մեր ՊՆ-ն կատարել է առավելագույնը պատերազմի ժամանակ, ինչ խնդիրներ են առաջացել, արդյոք քննություն կատարելու եւ իրավական գնահատական տալու անհրաժեշտություն չկա։ Եթե բանակում կոռուպցիա է եղել, պատժվողներ չե՞ն լինելու, բա չէիք ասե՞լ՝ ոչ մի մուկ ու ձուկ չի պլստալու։ Տոնոյանից բացի հեռացել են նաեւ փոխնախարարները, այժմ լուրեր են շրջանառվում, թե դիմում է գրել նաեւ ԶՈՒ շտաբի պետ Օնիկ Գասպարյանը։ Բայց այդ լուրերի իսկությունը ոչ թե պետք է պարզել ՊՆ-ից կամ Կառավարությունից, այլ ԱԺ Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանից։
Ինչպես հասկացանք, ոլորտի համակարգմամբ հենց նա է զբաղվում, նախ՝ արշավ է սկսում ՊՆ-ի դեմ, հրաժարականի համար հող նախապատրաստում, հետո հայտարարում այդ մասին։
Մյուս գնացողը ԱԻՆախարար Ֆելիքս Ցոլակյանն է, ում հեռանալու մասին տեւական ժամանակ է՝ խոսվում էր՝ իբրեւ նախկինների կադր։ Նրան փոխարինել է Ազգային հերոսի կոչում ստացած Անդրանիկ Փիլոյանը, սակայն մեծ հարց է՝ արդյոք նա կկարողանա աշխատե՞լ նախարար, թե՞ ոչ։
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին էլ փոխարինում է վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը։ Այն, որ Բաթոյանը, մեղմ ասած, վատ նախարար է եղել, տապալել է ոլորտի կառավարումը, քանիցս համոզվել ենք։ Բայց այս ամենը եղել է երկու տարի շարունակ, հետեւաբար՝ ինչու են հենց հիմա՝ հայտնի հայտարարությունը ստորագրելուց հետո հեռացնում Բաթոյանին։ Ինչ պետք է փոխի Մեսրոպ Առաքելյանը ոլորտում, ինչ խնդիրներ են դրվել նրա առաջ, ինչ ակնկալիքներ կան՝ ոչինչ չի բացատրվում։
Հաջորդ փոփոխությունը ԿԳՄՍՆախարարի պաշտոնում Վահրամ Դումանյանի նշանակումն է։ Նա իշխանությունների սրտի թեկնածուն էր ԵՊՀ ռեկտորի պաշտոնում, հարգված գիտնական, դեկան, որը պարզ չէ՝ ինչպես գլուխ կհանի այդ բազմավեկտոր կառույցում։
Մի ձեռքով Փաշինյանը փոփոխությունների իմիտացիա է ստեղծում՝ կադրեր նշանակում, ազատում, իսկ մյուսով փորձում չնեղացնել յուրայինին, թիմակցին, հատկապես նրան, ով ամենածանր պահին համարձակություն ունեցավ աջակցություն հայտնելու գերագույն հրամանատարին։ Իշխանությունը հարկ չի՞ համարում բացատրել, թե Արայիկ Հարությունյանը ինչ խորհուրդներ պետք է տա վարչապետին, եթե նա լավ նախարար էր, ինչո՞ւ հանեցիք, եթե վատ նախարար էր, ի՞նչ երաշխիք կա, որ կլինի լավ խորհրդական։
Պետական համակարգը հո դյուքան չէ, որ ում ինչ պաշտոն ցանկանաք նվիրեք, չնեղացնելու համար խորհրդական նշանակեք։ Նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանին էլ չնեղացնելու համար խորհրդական նշանակեցին, հետո նա մեկնեց ՌԴ՝ աշխատելով հայտնի օլիգարխի թիկնազորի ղեկավար, վերջերս էլ մասնակցում էր վարչապետի հրաժարականը պահանջող կուսակցությունների հանրահավաքին։
Մյուս հեռացողը Փաշինյանի կառավարության ամենապարկեշտ, պրոֆեսիոնալ պաշտոնյան է՝ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։ Իհարկե, ի սկզբանե զարմանալի էր նրա ընդգրկվելը այս կառավարության կազմում, այսքան ժամանակ աշխատելը, սակայն նրա նման կադրի հեռանալը նշանակում է, որ կառավարությունը լքում է պրոֆեսիոնալիզմի վերջին մոհիկաններից մեկը։ Նրա փոխարեն քննարկվում է կիսակտիվիստ, երիտասարդ գործարարի թեկնածությունը, ով ձախողված բիզնեսների կողքին հաջողել է կայացնել սննդի առաքման ցանց։ Իշխանությունների կարծիքով՝ թերեւս դա բավարար է նախարար նշանակվելու համար։
Այսքանով հրաժարականները չեն ավարտվի, մեզ կզբաղեցնեն վատից վատ նշանակումներով, ազատումներով, դրանից, իհարկե, որեւէ մեկի կյանքում որեւէ բան չի փոխվի։
Ամեն նշանակումով՝ մարդկանց մոտ կեղծ սպասումներ կառաջանան, թե «հեսա, նոր մարդ նշանակեց, տեսնենք սա ինչ է անում»։ Իսկ այս ընթացքում մեր երկրում կշարունակի տիրել անիշխանությունը։
ՌԴ-ն օգնություն կուղարկի արցախցիներին, կբանակցի մեր գերիների հարցով, Արցախի հարցով որեւէ բանակցային գործընթաց չի էլ սկսվի, արտաքին քաղաքականության դաշտում կշարունակենք հարաբերություններ կառուցել պարտվողի, խեղճի դիրքերից։ Տնտեսական կյանքում եւս պայծառ կանխատեսումներ չկան՝ դրամը կշարունակվի արժեզրկել, գները կբարձրանան, աշխատատեղեր կփակվեն, զինվելու եւ մարտունակ բանակ կառուցելու ցանկությունները կմնան նախընտրական խոստումներ։
Ներքաղաքական կյանքի մեզ հարազատ դարձած քաոսը, մանր-մունր իրադարձությունները կշարունակեն ապրեցնել մարդկանց, կարեւորը իրենց ընտրյալը վարչապետ է, մնացած ոչինչ մարդկանց չի հետաքրքրում։
Ընդունենք, թե չընդունենք, իշխանությունը այսօր վայելում է հանրության մեծամասնության վստահությունը, ներում նրան պատերազմը, կորուստները, կադրերի սխալ ընտրությունը, անգործությունը, Արցախի մեծ մասի հանձնումն էլ համարում նախկինների կողմից Փաշինյանի «գրպանը գցած»։ Նրանց աչքով՝ Փաշինյանը լավն է, ինչ էլ որ անի, միայն թե նախկինները չվերադառնան։ Ամենաողբերգականն այն է, որ մինչեւ հանրության գերակշիռ մեծամասնության հիպնոսից դուրս գալը՝ մենք կկորցնենք հայրենիքի մյուս մասը, մեր ինքնիշխանությունը, մեր հայրենակիցներին։

