ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը AD TV-ի «Հարցազրույց» հաղորդման ընթացքում նշեց, որ այս իշխանությունները, երբ գալիս էին իշխանության, պետք է իմանային երկրի խնդիրների մասին.«Պետք է իմանային, թե ինչ քաղաքական գործընթացների մեջ են մտնում, և ստանձնելով պատասխանատվությունը՝ կարողանային այդ տրամաբանութան մեջ շարունակեին առաջ։ Մինչև հիմա շարունակում են նախկիններին այս սարսափելի պարտության մեջ մեղադրել, պատասխանատվությունը գցել, դա հերթական անմեղսունակության, անճարության և իրենց կաշին փրկելու գործընթաց են փորձում տանել»։
Նախկին պաշտոնյայի խոսքով՝ 2020 թվականի փետրվարից խոսվում էր արդեն պատերազմի հավանականության մասին. «Վերջին իմ հրապարակումը, որ պատերազմը Դամոկլյան սրի պես կախված է Հայաստանի գլխին, եղել է սեպտեմբերի 22-ին։ Իսկ իշխանությունից հեռանալուց հետո մենք ասել ենք, որ արցախյան խնդիրը մեզ համար 4 կարևոր խնդիրներից մեկն է, որին մենք հետամուտ ենք լինելու և անընդհատ խոսելու ենք»։
Հարցին, եթե իշխանությունը համաձայներ առանց պատերազմի հանձնել այդ 4 շրջանները, դա ՀՀԿ-ի համար ընդունելի կլինե՞ր, Զաքարյանը պատասխանեց. «Մենք միշտ ասել ենք՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի մաս։ Դա նշանակում է, որ Արցախի կարգավիճակը պետք է լիներ բանակացային գործընթացում որպես ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման խնդիր։ Եվ դա ընդունելի է եղել Մինսկի խմբի համանախագահների կողմից։ Մեր տարիներին մենք ոչ թե Ադրբեջանի հետ ենք բանակցել, այլ Մինսկի խմբի համանախագահների հետ»։
Խոսելով վերջին տարիների սպառազինության, ձեռք բերված զենքերի մասին, նախկին ՊՆ փոխնախարարը նշեց.«2016-ից հետո հատկապես էնպիսի ծավալի զենք և զինամթերք է ձեռք բերվել, որոնք համադրելիության աստիճանի ծածկում էին Ադրբեջանի ունեցած բոլոր հնարավորությունները։ Այն ժամանակ Թուրքիայի անմիջական մասնակցությունը կամ Բայրաքթար անօդաչու սարքերի կիրառումը չկային, այդ խնդիրներն առաջացել են 2019-ի ընթացքում։ Գործող իշխանությունները պետք է դրան աշխատեին, ոչ թե գնային ինքնաթիռ առնեին, իրանք էլ գիտեին, որ դա պատերազմի ընթացքում չէին կիրառելու Արցախում, ինչու չէին կիրառելու, որովհետև իր հիմնական խոցման հնարավորությունները չկային»։

