Այսօր Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս, Արցախյան պատերազմի ակտիվ մասնակից, հայազգի հրամանատար Մոնթե Մելքոնյանը կդառնար 63 տարեկան։ Ռազմական տեսանկյունից մասնագիտական բարձր հմտություններ ցուցաբերելու շնորհիվ Մոնթեն 1992 թվականին ստանձնում է Մարտունու պաշտպանական շրջանի շտաբի պետի պարտականությունը։ Այստեղ կարճ ժամանակում նա իր անկեղծությամբ ու մաքրությամբ շահեց ոչ միայն տեղի բնակչության, այլև ընդհանրապես, համայն հայության սերն ու հարգանքը։
Նրա ղեկավարությամբ Մարտունին դարձավ Արցախի ամենապաշտպանված ու ամենամարտունակ շրջանը։ 1993 թվականի մարտ-ապրիլ ամիսներին նրա ղեկավարությամբ ազատագրվեց նաև Քարվաճառը: Մոնթեն ասել էր՝ եթե կորցնենք Արցախը, մենք կշրջենք հայ ժողովրդի պատմության վերջին էջը… ։Հանրությունն այսօր քննարկում է, որ ճակատագրի հեգնանք է, որ հերոսի ծննդյան օրը թշնամուն է անցնում նրա ազատագրած Քարվաճառը, որը մեծ ցավ կլիներ հենց Մոնթեի համար։
ArmDaily.am-ի հետ զրույցում Մոնթեի կինը՝ Սեդա Մելքոնյանը նշեց, որ վատ է, որ Քարվաճառը տրվեց թշնամուն. «Բայց ինչ էլ լինի, մենք այսօրը հիշելու ենք որպես Մոնթեի ծնունդ, այլ ոչ թե Քարվաճառի դատարկվելու։ Ես հույս ունեմ, որ թերևս ժամանակ կլինի մեր համար ուղղելու այդ սխալը։Մոնթեն շատ վրդովված կլիներ, որովհետև նա շատ աչալուրջ ու հետևողական մարդ էր։ Նա երբեք իրեն հանգիստ չէր զգա ու կշարունակեր աչալուրջ լինել և շատ մոտիկից կհետևեր, թե ինչ է կատարվում մեր չորս կողմը, ինչ է կատարվում մեր հարևանների երկրներում։ Այնպես որ, Մոնթեն միշտ պատրաստվելու իրավիճակի մեջ կգտնվեր, այնքան ժամանակ, մինչև այս հարցը լուծված կլիներ»։
Հարցին, թե ինչպես է գնահատում այս իշխանությունների քայլերը, գործողությունները, քանի որ նրանց Հայաստանում արդեն դավաճան, հող հանձնող են անվանում, տիկին Սեդան նշեց. «Ես չեմ սիրում, երբ մարդիկ շռայլորեն նման բառեր են օգտագործում։ Դավաճան ասելը շատ լուրջ ու շատ խիստ է։ Ես իհարկե վրդովված եմ, որ մենք պետք եղած աշխատանքը չտարանք, որպեսզի բանը սրան չհասներ։ Ես կմաղթեմ, որ բոլորս աթոռակռիվը մի կողմ թողնենք և գտնենք մեր միջի ամենախելացիներին, մեր միջի մասնագետներին, մենք ունենք այդ մարդուժը, որոնք մոռացել ենք, մի քիչ արհամարհել ենք իրենց կամ նկատի չենք ունեցել։ Ժամանակն է, որ բոլոր մրցակցությունները մի կողմ դնենք, լրջանանք, հավաքվենք գլուխ գլխի և տեսնենք, թե այս հարցն ինչպես է լուծվում։ Եթե այդպես արած լինեինք անցյալում, երևի այստեղ չէինք հասնի»։
Դիտարկմանը, թե երբ իմացավ, որ իր ամուսնու ազատագրած տարածքները հանձնվում են թշնամուն, ինչ զգացողություններ ունեցավ, Մելքոնյանը նշեց. «Ինչպես յուրաքանչյուր հայ, շատ վատ զգացողություններ ունեցա։ Պատերազմի սկսվելուց մի քանի ժամ հետո ես մոտիկից հետևում է այդ ամենին։ Իմ ընկերներն Արցախում ապրում, աշխատում են և ես շատ հաճախակի նրանց հետ զրուցում էի և բաներ կային, որ ես ավելի շուտ գիտեի, քան Հայաստանում գտնվող իմ մյուս ընկերները։ Մեծ սխալներ թույլ տրվեցին ապակողմնորոշելու առումով և բնականաբար դա չօգնեց, որ մենք ավելի սթափ նայենք հարցին, քանի որ այդ ծայրահեղականությունը շատ մեծ էր։ Ամեն մեկս այնպես զգացինք, որ մի մեծ հարված ստացանք։ Երբ մարդուն չես պատրաստում ինչ-որ դրության, հարվածը շատ ավելի մեծ է լինում, բնական է։ Շատ ծանր է բոլորիս համար։ Մի հայ չկա, որի համար ծանր չլինեն այս օրերը։ Համբերություն եմ ցանկանում բոլոր նրանց, ովքեր հարազատ են կորցրել»։
Անդրադառնալով Մոնթեի տարեդարձին, հերոսի կինը նշեց, որ Մոնթեն շատ համեստ էր և քաղցրավենիք էր շատ սիրում.«Դրա համար անպայման սիրում էր, որ տորթ ուտենք, սակայն չէր սիրում, որ ես երկար ժամանակ խոհանոցում մնամ և պատրաստություններ տեսնեմ։ Բայց շատ սիրում էր ընկերների հետ հանդիպել։ Երբ ընկերները գալիս էին, շատ հաճելի ժամանակ էր անցկացնում։ Բայց բանտում եղած ժամանակ ոչ մեկին չէր ասում, որ իր ծննդյան օրն է, ասում էր՝ պիտի տոնեն, իսկ ես հավես չունեմ տոնելու, քանի որ իմ սիրելիներից հեռու եմ։ Իր համար ընկերները, սիրելիները, ընտանիքը շատ կարևոր էին»։
Դուսյա Ղազարյան

