Ես կկարողանամ մեկնաբանել Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ներկայացվելիք 50 մլրդ դոլարի հայցը և, կարծում եմ, մեր ռեսուրսները հանրային քննարկումների պետք է սպառենք այդ ուղղությամբ, երբ ունենանք արդեն նախապատրաստված և իրավասու ատյաններին ներկայացված հայցերը։ Նման իրավական մեխանիզմներ կան թե ՄԱԿ-ի դատարանի շրջանակներում, թե ՄԻԵԴ-ում, բայց երկու տարբեր ատյանների պաշտոնական կայքերում՝ ես պարբերաբար հետևում եմ տեղեկատվությանը, որևէ հաստատում չկա։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Սիրանուշ Սահակյանը
«Այսինքն, մենք այս պահին կարող ենք խոսել մտադրությունների մասին, բայց որպեսզի մտադրություններն էլ քննարկման առարկա դարձնենք ՝ գոնե աղբյուրը տարածող պետք է վստահելի լինի։ Ադրբեջանական աղբյուրները հղում են կատարում հայկական աղբյուրներին վրա, հայկական աղբյուրները հղում են կատարում ադրբեջանական աղբյուրներին։ Ես գործնականում չեմ բացառում Հայաստանի դեմ գանգատների ներկայացում, որոնք իրենց մեջ ունենալու են գույքային կոմպոնենտ, պարզապես ընթացակարգերը, դրանց հետևանքները այնքան բազմազան են, որ ճիշտ կլինի դրանք առարկայական քննարկել, եթե վստահելի տեղեկատվություն ունենանք այդ 50 մլրդ դոլարի դատական հայցի մասին։ Ինքս էլ շատ լսում եմ, վստահ եմ, որ ներքին աշխատանք տարվում է իրենց կրած վնասները գույքային տեսանկյունից ապացուցելու, հավաքագրելու առումով, բայց որևէ պաշտոնականացված տեղեկություններ դեռ չեն հաստատվում»։
Դիտարկմանը՝ թե, օրինակ, հենց Իլհամ Ալիևը խոսում էր այն մասին, որ Քարվաճառում այրված տների համար փոխհատուցում են պահանջելու՝ նա նշեց, որ դրա համար միանշանակ չի կարող հայց ներկայացվել, քանի որ նախ պետք է հիմնավորեն, որ այդ տունը պատկանել է ադրբեջանցի քաղաքացու կամ պետությանը։ Միջազգային իրավունքը պաշտպանում է, ոչ թե անհայտ ինչ- որ ադրբեջանցիների սեփականությունը Քարվաճառում գտնվող գույքի նկատմամբ, այլ այս ամբողջ ժամանակահատվածում ապրող հայերի իրավունքները։ Իսկ ցանկացած սեփականատեր իրավունք ունի տնօրինել իր գույքը և այդ տնօրինման եղանակներից մեկը նաև գույքը վնասելը կամ ոչնչացնելն է։ Այս հայտարաությունը քաղաքական է և որևէ հիմնավորում չունի։ «Վստահ եմ, որ այդ արտահայտությունը ասելիս Ալիևը չի խորհրդակցել իրավաբանների հետ, ովքեր կկարողանային կանխել նման անհեթեթ հայտարարությանն հրապարակայնացումը։ Սա, ենթադրում եմ, Ադրբեջանի հայ բնակչությանը ահաբեկելու քաղաքականության մասին է, ինչպես խոշտանգումների են ենթարկում հայ գերիներին և ռազմագերիներին, նաև այդ նյութերը տարածելով են փորձում ահաբեկել հայ հասարակությանը։ Նման անհեթեթ հայտարարություններ տարածելով՝ նյութական պատասխանատվության տեսանկյունից փորձում են ահաբեկել հայ ժողովրդին և պետությանը»։

