Արցախաադրբեջանական պատերազմում սեպտեմբերի 27-ից մինչ զինադադարի կնքումը Զինված ուժերը կատաղի մարտեր են վարել։ Զինծառայողների ծնողները, ազգականները պնդում են՝ նրանց արձակուրդ է պետք, քանի որ այս օրերի ընթացքում շատերն ուղղակի հյուծվել են և ի վիճակի չեն ծառայությունը շարունակելու։
Ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանը ArmDaily.am-ի հետ զրույցում նշեց, որ զինված ուժերի մարտունակության ապահովման համար մեծ բաղադրիչներ կան.«Դրանցից մեկը հանգստի ապահովումն է։ Բայց այն միայն արձակուրդի տրամադրմամբ չէ, սակայն հասկանում եմ, որ ծնողներն այս հարցը բարձրաձայնում են։ Բայց կարծում եմ արձակուրդների հետ կապված հետաձգումներ կան հիմա, քանի որ դիրքերի մեջ տեղաշարժ կա մի շարք գործոններով պայմանավորված։ Եթե չեմ սխալվում, արձակուրդները դեկտեմբերից հետո են լինելու։ Ամեն դեպքում դա չի նշանակում, որ, եթե իրենց արձակուրդ չեն ուղարկում, բայց տեղում չպետք է պայմաններ ստեղծեն այդ մարդկանց հանգիստը կազմակերպելու առումով։ Խնդիրը պայմանավորված է ստեղծված իրավիճակում բանակի տեղաշարժերով և վերադիրքավորումներով»։
Խոսելով այն զինծառայողների մասին, ովքեր ծառայել են Ադրբեջանին հանձնված տարածքներում, Աբրահամյանը նշեց, որ ՀՀ սահմանը բավականին մեծացել է, որը պայմանավորված է ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակով և Ադրբեջանին Արցախի տարբեր հատվածների վերահսկողության հաստատմամբ, ինչպես նաև Ադրբեջանին հանձնվող շրջանների գործոնով.«Եվ արդյունքում Մեղրիից- Գորիս, Գորիսից-Սոթք, որոնք ժամանակին Արցախի Հանրապետության տարածքն էին, այդ տարածքում սահմանը բավականին մեծացել է, և ԶՈՒ-ն պետք է կարողանա վերախմբավորումների միջոցով ապահովել սահմանի այդ հատվածների անվտանգությունը։ Հայկական զորքերի հետ կապված դրույթը սահմանված է համատեղ հայտարարությամբ և արդեն ժամանակի ընթացքում հստակ կլինի, թե որտեղ և ինչպես են տեղի ունենալու այդ վերախմբավորումները»։
Անդրադառնալով կամավորների և պահեստային զինծառայողների ստացվելիք գումարներին, որոնց մասին քննարկումներ կան համացանցում, ռազմական փորձագետը նշեց.«Սովորական պայմաններում զինված ուժերում սահմանված է մարտական հերթապահությունը իրականացնող զինվորի, ենթասպայի, սպայի համար դրույքաչափեր, թե մեկ օր մարտական հերթապահության գումարը որքան է կազմում։ Կա որոշակի տրամաբանական ընթացակարգ, որով սովորական պայմաններում առաջնորդվում ենք։ Չեմ կարծում, որ կա դժվարություն ռազմական գործողությունների ընթացքում էլ այդ ընթացակարգով առաջնորդվել։ Պետք է նայել կոնկրետ ստորաբաժանական ուղղությունը ինչ գործողությունների մեջ է ներգրավված եղել, այդպիսով էլ վարձատրությունն ապահովել»։

