Երեկ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն աշխատանքից ազատման դիմում է գրել։ Նրան որպես փոխարինող շրջանառվում է Menu Group UK LTD հիմնադիր Վահան Քերոբյանի անունը։ Հիշեցնենք, որ օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ էր ունեցել գործարարների հետ, այդ թվում՝ Վահան Քերոբյանի։
Մեզ հասած տեղեկություններով՝ Քերոբյանի թեկնածությունը քննարկվում է, սակայն «Իմ քայլի» բազմաթիվ պատգամավորներ դեմ են այս նշանակմանը, քանի որ համարում են՝ չի կարողանա ղեկավարել սուպերնախարարությունում:
ArmDaily.am-ի հետ զրույցում Վահան Քերոբյանն ասաց, որ վարչապետի կողմից Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում նշանակվելու առաջարկ ստացել է, և հիմա այն քննարկման փուլում է։
Հարցին, թե ինչ խնդիրներ է բարձրացրել վարչապետի հետ հանդիպման ժամանակ, Քերոբյանը նշեց. «Այսօր բիզնեսմենների մոտ առաջացած խնդիրների մասին ենք բարձրաձայնել, տնտեսության ակտիվացման մասին։ Հայաստանում կա շատ մեծ տնտեսական աճի պոտենցիալ, որը պետք է օր առաջ վերածել ռեալ աճի»։
Դիտարկմանը, թե այսօր շատ է բարձրաձայնվում, որ ՀՀ-ում ներդրումներ չեն արվում, մարդիկ խուսափում են Հայաստանում ներդրումներ անել, քանի որ ռիսկային են համարում, արդյոք վարչապետի մոտ այդ հարցը քննարկվել է, Վահան Քերոբյանը նկատեց. «Ոչ, բայց եթե ես ընդունեմ առաջարկը, ես ունեմ իմ պլանը, թե ինչպես պետք է դա կտրուկ կամ թռիչքաձև փոփոխության ենթարկվի»։
Անդրադառնալով Տիգրան Խաչատրյանի գործունեությանը, աշխատանքին՝ նա նշեց, որ Խաչատրյանի հետ շատ լավ հարաբերություններ ունի ու նրան շատ է հարգում. «Բայց քանի որ դեռ առաջարկը չեմ ընդունել, դեռ քննարկման փուլում է, ես զերծ կմնամ այս պահին գնահատականներ տալուց։ Իրականում այն պատկերը, որը մենք տեսնում ենք դրսից դա «այսբերգի» վերևի հատվածն է, իսկ որպեսզի ճիշտ գնահատենք «այսբերգի» իրական չափը, պետք է իջնենք ջրի տակ, որ տեսնենք թե ինչ չափի աշխատանք է կատարված»։
Հարցին՝ նախարարությունում իր նշանակումից հետո լուրջ կադրային փոփոխություններ կլինեն, Քերոբյանը պատասխանեց. «Եկեք կամուրջին չհասած, չանցնենք իր վրայով։ Բնական է, որ այդ հարցերի մասին պետք է մտածել, երբ արդեն տեղում լինենք։ Կարող եմ ասել, որ վերջին երկու տարվա մեջ և դրանից առաջ էլ ես շփվել եմ նախարարության բազմաթիվ ներկայացուցիչների հետ և կարող եմ ասել, որ տպավորված եմ այն պրոֆեսիոնալիզմով, որն այսօր այդ նախարարությունում գոյություն ունի»։
Այս օրերին իշխանության ընդդիմախոսները հայտարարում են, թե նրանք, ովքեր ընդունում են պարտված ղեկավարի հետ աշխատելու առաջարկները նույնպես դավաճան են և նրա հետ հավասար պետք է կրեն պատասխանատվությունը։ Հարցին՝ արդյոք իրեն չեն մտահոգում նման պիտակավորումները, Քերոբյանը շեշտեց. «Կարծում եմ՝ դատելու իրավունք ունի միայն Աստված։ Ես չեմ դատում ուրիշներին և չեմ էլ պատրաստվում լսել որոշ մարդկանց պիտակավորումները։ Մյուս կողմից ես նախորդ երկու ամիսներին եղել եմ առաջնագծում և ծառայել եմ իմ հայրենիքին այնտեղ, որտեղ համարել եմ, որ կարող եմ առավելագույնս օգտակար լինել։ Եվ այս ծանր ժամանակահատվածում, երբ հայրենիքն ունենա իմ ծառայությունների կարիքը, ես պատրաստ եմ դա տրամադրել»։

