Լրագրող Արշալույս Մղդեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դարպասները շրխկ մեր դեմքին, Արցախից մնաց տրաֆարետը և մի բարակ "լաչինյան պորտալար"՝ մնացած ռուսական Հայաստանը հայկական Հայաստանի հետ կապող։ Հայաստանն էլ ռեգիոնալ դերակատարության առումով գրեթե փալաս դարձրած։ Մեռած` չթաղած։
Քարվաճառը` հանձնվում է թուրքին։ Արցախի մնացած տարածքից գրեթե երկու անգամ մեծ տարածք։ Մխիթարվում ենք մազապուրծ եղած Դադիվանքով։
Ընդհանրապես մեր մի մասը կամ մեծ մասը սիրում է մազապուրծի հոգեբանությամբ ապրել` պատմական նշանակության կենսակերպ։ Հադրութն ենք կորցրել փրկված Ամարասով ենք մխիթարվում։ Ասեք` մենք արժանի՞ էինք երկու պետություն ունենալ, Վազգեն, Վանո, Լևոն Տեր-Պետրոսյան ունենալ, Իվանյան ու Դալիբալթայան ունենալ ու էլի շատ հերոսներ։
Դեռ մարդիկ կան, կարծում են` "ազգն ավելի մեծ աղետից են փրկել"։ Էդ մտայնությամբ էլ ապրում են։ Տեսնես պատկերացնում են` ինչպես են հիշատակվելու պատմության դասագրքերում, ինչ ենք մենք պատնելու մեր երեխաներին ու թոռներին իրենց մասին։
Իմ մեղքն էլ կա էս ամեն ինչում, ես ընտրել եմ էս իշխանությանը։ Առաջին անգամ իշխող ուժին եմ ընտրել ու գլխիկոր մնացել։
Սա ամոթի պահն է, որից չգիտեմ ինչպես ենք դուրս գալու։ Մենք հատակին ենք, սա պետք է ընդունենք, որ կարողանանք առաջ շարժվել, բայց ոչ էս իշխանությամբ։ Փոփոխություններ են պետք` խորքային ու մտածված, արագ, բայց ոչ հապշտապ։ Զոհասեղանին վտանգված Հայաստանն է, այսինքն` մենք ու մեր երեխաները»։

