Ի դեպ, պատերազմի ավարտից ու եռակողմ հայտարարությունից հետո Հայաստանի եւ Արցախի ուշադրության կենտրոնում շատ հասկանալիորեն այսօրվա համար ամենակարեւոր հարցերն են, մասնավորապես մեր գերեւարված զինվորների ու Ադրբեջանում պահվող ՀՀ քաղաքացիների փոխանակման կամ վերաձադարձի հարցերը, ինչպես նաեւ կյանքը Արցախում բնականոն հուն վերադարձնելը։ Իհարկե սրանք այսօրվա ամենակարեւոր հարցերն են։ Սակայն պետք է նկատել, որ առայժմ որեւէ հստակություն չկա հակամարտության կարգավորման եւ Արցախի կարգավիճակի մասին մեր պատկերացումների հարցում։ Ադրբեջանն ասում է, որ ղարաբաղյսան խնդիրն իր համար կարգավորված է, ՌԴ-ն ասում է, որ հակամարտությանը վերջ է դրվել, որ իրավիճակը Արցախում կայունանում է, իսկ հայկական կողմը, որ պատերազմի ընթացքում դիմում էր բոլոր երկրներին Արցախի անկախությունը ճանաչելու կոչերով ու հորդորներով, հիմա լուռ է։Բացառություն են թերեւս Արցախի ԱԳ նախարարն ու Արցախի նախագահի՝ արտաքաին քաղաքական հարցերով խորհրդականը։ Խորհրդականն ասում է, թե մենք պետք է հասկանանք, որ այս իրավիճակում ճանաչումը ոչ այնքան այդ երկրների իդեալների կամ Արցախի կրած տառապանքների արտացոլումն է, այլ, ամենայն հավանականությամբ, կօգտագործվի աշխարհաքաղաքական պայքարի համատեքստում: Եվ որ մենք չպետք է այս պայքարի թատրոնը դառնանք: ԱԳ նախարարն էլ կարծում է, թե Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը և միջազգային իրավասուբյեկտայնության ձեռքբերումը կարևորագույն պայմաններ կստեղծեն հանրապետության տարածքային ամբողջականությունը քաղաքական և դիվանագիտական միջոցներով վերականգնելու համար: Իսկ ինչ են ասում ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահները։ Իրադարձությունների նման զարգացման առնչությամբ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի խուլ դժգոհություններից հետո Մոսկվան ընդունում է, որ խնդրի երկարաժամկետ կարգավորումը պետք է լինի Մինսկի խմբի ձեւաչափում, մեզ հայտնի սկզբունքների, այդ թվում ինքնորոշման սկզբունքի կիրառությամբ։Ինքնորոշման ու կարգավիճակի մասին այս ընթացքում երկու-երեք անգամ խոսել է ՌԴ բնախագահը, ակնարկելով, թե որ դեպքում ՌԴ-ն կճանաչի Արցախի անկախությունը։Ֆրանսիան ավելի առաջ է գնացել, Ֆրանսիայի Սենատը վաղը քվեարկելու է Ղարաբաղի ճանաչման բանաձեւը։ Ընդունելու դեպքում այն կուղարկվի խորհրդարան, ապա կներկայացվի նախագահ Մակրոնի ստորագրմանը։ Այս ընթացքում ԱՄՆ «գլուխը խառն էր» նախագահական ընտրություններով, սակայն Ղարաբաղի ճանաչման բանաձեւ է ներկայացվել է ԱՄՆ Կոնգրեսում։ Տեսականորեն չի բացառվում, որ Ֆրանսիայում եւ ԱՄՆ-ում այս զարգացումները նման գործընթաց հարուցեն նաեւ ՌԴ-ում։ Այսպիսով, չի բացառվում, որ առաջիկայում ականատեսը լինենք բավական ուշագրավ ու շրջադարձային զարգացումների։

