Կարծում եմ պետք է ներքին տեղեկատվական լուրջ հոսքերի ծանոթ լինել, որպեսզի կարողանա կանխատեսել, թե արդյոք մոտալուտ պատերազմ սպասվում է, թե՝ ոչ։ Սակայն կարծում եմ, որ պատերազմը, որն իբրև թե ավարտվել է՝ վերջինը չի լինի։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանն՝ անդրադառնալով Նախիջևանում թուրքական զինուժի կուտակմանը։
«Կարծում եմ՝ Արցախում նոր սրացումներ կլինեն, որովհետև ակնհայտորեն Էրդողանը դժգոհ է մնացել այս ամենից, թե դա ինչ մակարդակի կլինի՝ չեմ կարող ասել, բայց վստահեցնում եմ, որ այսպես չի մնալու, քանի որ տարածաշրջանը հիմնովին խառնվել է․ մենք բավական թուլացել ենք, Էրդողան-Ալիև զույգի ախորժակը բացվել է, ռուսական կողմը սկսեց լավ զգալ Արցախում, Իրանը գրգռված է հարավից, քանի որ ահաբեկիչները, որ հավաքում են Ջաբրաիլի տարածքում, անկայունության մշտական աղբյուր է բոլորի համար։ Հետևաբար, կարծում եմ, որոշակի սրացումներ կլինեն, թե ինչ ծավալի բախման մասին է՝ խոսքը չեմ կարող ասել»։
Նրա դիտարկմամբ՝ այս պատերազմը բավական թուլացրել է Հայաստանի դիրքերը, թե որքանով ռուսական կողմը կկարողանա զսպել այս Ալիև-Էրդողան զույգի հավակնությունները, կկարողանա թե ոչ՝ հարց է։ «Ամեն դեպքում, կարծում եմ, կողմերը նախապատրաստվում են որոշակի ընդհարումներին, թե դա ինչ մակարդակի կլինի՝ կյանքը ցույց կտա։ Եկեք ընդունենք, որ այս կարգի ընդհարում էլ շատերը չէին կանխատեսում»։
Հակոբյանի դիտարկմամբ՝ հայկական կողմի համար բավական բարդ կլինի մենակ դիմակայել այդ բախմանը, հատկապես այս իշխանությունների պայմաններում։ «Մեզ պետք է առնվազն ռուսական կողմի աջակցությունը, թե դրանից զատ՝ միջազգային հանրությունը մեզ կաջակցի, թե ոչ՝ այստեղ էլ գործելու է որքան շատ՝ այնքան լավ սկզբունքը»։

