Մենք պատերազմից նոր ենք հետ եկել, մի մասը նորից հետ է գնացել, սահման է պահում, ես ինքս 3 օր առաջ եմ եկել, մի քանի օրից նորից գնալու եմ։ Այս մասին այսօր ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Գորիս խոշորացված համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը։
Առուշանյանի խոսքով համայնքում խուճապային տրամադրություններ չկան. «Եկեք մեր բառապաշարից հանենք խուճապ բառը, գորիսեցին, սյունեցին ու ընդհանրապես հայ մարդը երբեք խուճապի չի մատնվում։ Թշնամին ով է, որ մենք իրենից վախենանք»։
Հարցին՝ տեղյա՞կ եք հետագա քայլերի մասին, կառավարությունից ուղղորդումներ եղե՞լ են՝ Առուշանյանը պատասխանեց. «Պատերազմն ինչ սկսել է, այնտեղ եմ եղել, 3 օր է, որ եկել եմ, չեմ էլ հասցրել հասկանալ ինչ է ու երեկվանից եմ աշխատանքի եկել, այս պահի դրությամբ չգիտեմ, դեռ չեմ հասցնում նայել, ոչ մի բանից դեռ տեղյակ չեմ»։
Անդրադառնալով հարցին՝ Քարվաճառը, Լաչինը թշնամուն տալուց հետո կա՞ արդյոք միջպետական ճանապարհի որևէ հատված, որ մնալու է թշնամու վերահսկողության տակ՝ համայնքի ղեկավարը պատասխանեց. «Կա նման բան, բայց դեռ հստակություն չկա։ Ճանապարհն այս պահին անվտանգ է ու հնարավոր է այդ ճանապարհով երթևեկել»։

