Օրերս Ազգային ժողովի խորհուրդը որոշում էր կայացրել պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով դիմել Սահմանադրական դատարան։ Չնայած ԱԺ խորհրդի որոշման մեջ նշված չէ, թե որ պատգամավորի մասին է խոսքը, սակայն ենթադրվում է, որ խոսքը ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի մասին է։ Դրա մասին գրառում էր կատարել նաև ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
ՍԴ անդամ Էդգար Շաթիրյանն ArmDaily.am-ի հետ զրույցում նշեց, որ խոսքը վերաբերում է պատգամավորի կողմից անհամատեղելիության պահանջ(ներ)ի առերևույթ խախտման հիմքով նրա լիազորությունները դադարեցնելուն` ԿԿՀ եզրակացության հիման վրա. «Վերաբերելի իրավակարգավորումները բխում են 2015 թվականի սահմանադրական փոփոխություններից»։ Դիտարկմանը՝ արդյոք նման նախադեպ եղել է, Շաթիրյանը նշեց՝ «Ոչ»։
Նշենք, որ վաղը ժամը 18:00-ին ԱԺ խորհուրդը նիստ կանցկացնի քննարկելու այս նախագիծը, որին պետք է կողմ քվեարկի խորհրդի անդամների մեծամասնությունը, այնուհետև այն կուղարկվի ՍԴ:
Հիշեցնենք, որ ԱԺ խորհուրդը բաղկացած է 18 անդամից, որից 12-ն «Իմ քայլը» խմբակցությունից են:

