Տարածաշրջան կատարած այցի ընթացքում թերևս առավել հստակ էին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հղած մեսիջները։ Մասնավորապես, երբ նա հայտարարեց, որ ՀՀ-ում չկա որևէ քաղաքական ուժ, որը կարող է դրա կետերի փոփոխման վրա քաղաքական օրակարգ ձևավորել։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանն՝ ընդգծելով, որ եթե իշխանությունը ստորագրել է հայտարարությունը ու քաղաքական ընդդիմությունը համաձայն չէ, ապա ինչ հիմքով են պահանջելու կառավարության հրաժարականը։
«Դրանից հետո մենք տեսանք, որ 17 կուսակցությունների օրակարգը որոշակի փոփոխության է ենթարկվել և արդեն կենտրոնանում են ավելի մասնավոր հարցերի վրա, թե, օրինակ, տարիներ առաջ ինչ է ասել Փաշինյանը, այսինքն, անցում կատարեցին առավել թույլ օրակարգի։ Կարծում եմ, ընդդիմությունն առաջիկայում փոխելու է օրակարգը»։
Անդրադառնալով Լավրովի հայտարարությանը, թե Հայտարության տեքստը փոփոխելն անհնար է և անթույլատրելի՝ Օրդուխանյանն ասաց, որ Լավրովի այս դիտարկումներն ուղղված էին, ոչ թե մեր ներքին լսարարնին, այլ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրներին՝ ԱՄՆ-ին և Ֆրանսիային, որոնք բացահայտ հայտարարել են, որ իրենք տեղյակ չեն եղել այդ հայտարարությանը և որոշակի վերապահումներ ունեն։ «Մասնավորապես, Ֆրանսիան նշեց, որ հայերի շահերը ևս պետք է ներկայացված լինի այդ փաստաթղթում։ Եթե այդ տեքստում փոփոխություններ նախաձեռնողներ լինեն, դա կարող է ձեռնարկվել հենց այս պետությունների կողմից։ Իհարկե, ՌԴ-ն ցույց տվեց, որ դեմ է դրան։ Փաստացի կոնֆլիկտի կարգավորման Մինսկի ձևաչափը խախտվել է, այսինքն, միջազգային ճանաչված մանդատը խախտվել է, քանի որ միակողմանի ՌԴ-ն կոնֆլիկտի կողմերի և Թուրքիայի հետ բավականի խորը քննարկումների մեջ է, արդյունքում, թուրքերն էլ գալու են որոշակի ռազմական մոնիթորինգ իրականացնելու։ Ենթադրում է, որ թուրքական բանակը մուտք է գործելու Արցախ, ու դա լինելու է Ռուսաստանի դեմ։ Կարծես, Լավրովի խոսքը սրան է վերաբերվում, որ մի փորձեք միջամտել այն իրավիճակին, որ մենք ենք ստեղծել։ Լավրովի մեսիջը ուղղված էր Ֆրանսիային և ԱՄՆ-ին։ Սակայն մենք տեսնում ենք, որ Ֆրանսիայի սենատում դրված է Արցախի ճանաչման վերաբերյալ բանաձև, որը նախաձեռնել են 8 խմբակցությունից 5-ի նախագահները։ Հավանականությունը բարձր է , որ այս բանաձևով Արցախի անկախությունը կճանաչվի՝ բավական մեծ է։ Ֆրանսիան էլ կարող է սրանով հակազդել, եթե չունի իրական լծակներ։ Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի դիրքորոշմանը, ապա այն առավել հստակ կլինի արդեն հունվարի 20-ից հետո»։

