Արցախաադրբեջանական պատերազմից հետո Արցախի Հանրապետության մի շարք քաղաքացիներ, որոնց տները գտնվում էին այն տարածքներում, որոնք գերեվարվել էին կամ հանձնվել Ադրբեջանին, բավականին բարդ կացության մեջ են հայտնվել։ Նրանք կորցրել են իրենց տունը, իրերը, աշխատանքը՝ հայտնվելով անելանելի պայմաններում։ ԱՀ-ի եւ ՀՀ-ի իշխանությունները խոստացել են ամեն ինչ անել արցախցի մեր հայրենակիցների վիճակը մեղմելու համար։
Որտեղ են ապրելու անօթևան մնացած արցախցիները
Նոյեմբերի 13-ին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ այն քաղաքացիները, որոնք պատերազմի հետևանքով կորցրել են իրենց բնակարանները, հիմնականում կբնակեցվեն Ստեփանակերտում, ինչպես նաև Հանրապետության մյուս բնակավայրերում: Նրանք ժամանակավորապես նախ կապաստանեն հյուրանոցներում և պետության վարձակալած բնակարաններում, ապա պետական միջոցներով հիմնավորապես կլուծվի բոլորի բնակարանային խնդիրը: Հավելենք, որ Արցախում մեկ տարի ժամկետով բնակչության համար անվճար կլինեն կոմունալ բոլոր ծառայությունները (բնական գազ, էլեկտրաէներգիա, ջուր և այլն) և կապի ծառայությունները (բջջային և ֆիքսված կապ, համացանց)՝ ողջամիտ ծավալների սահմանափակմամբ:
Ավելի մանրամասներ իմանալու համար Արցախի քաղաքացիները պետք է դիմեն տվյալ հեռախոսահամարներով։
Շարունակում է գործել նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 114 թեժ գիծը, որի միջոցով մեր հայրենակիցները կարող են ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները, անհրաժեշտ ուղղորդումներ, ինչպես նաև՝ կացարանի կարիքի հայտ ձևավորել:
Որտեղից են շարժվում Ստեփանակերտ մեկնող ավտոբուսները
Երևանից Ստեփանակերտ անվճար ուղևորափոխադրումներն իրականացվում են Երևանի կենտրոնական՝ «Կիլիկիա» ավտոկայանից՝ 07։00-09:00-ն ընկած ժամանակաընթացքում։
Ինչ դրամական աջակցություն կարող են ստանալ արցախցիները
Այսօրվանից սկսվել է Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի քաղաքացիներին դրամական աջակցության տրամադրելու համար դիմումների ընդունումը առցանց տարբերակով՝ https://dimum.ssa.am/ կայքի միջոցով:
Աջակցության չափը՝ յուրաքանչյուր մարդու համար, կկազմի նվազագույն աշխատավարձի չափով՝ 68.000-ական դրամ։
Երեխաներին ևս աջակցություն կտրամադրվի, եթե ծնողը կամ ծնողներից մեկը համարվի այս ծրագրի շահառու:Գումարները վճարվելու են Հայփոստի միջոցով:Դիմումների ընդունման վերջնաժամկետը դեկտեմբերի 20-ն է։
Իսկ ահա Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած համայնքներում հաշվառված քաղաքացիները կստանան 300 հազար դրամ միանվագ աջակցություն
Միջոցառումից կարող են օգտվել այն քաղաքացիները, որոնք մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը՝ առնվազն վերջին 3 ամիսը փաստացի բնակվել են այնտեղ:
Ծրագիրը կիրականացվի «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից ՀՀ կառավարությանը նվիրաբերված միջոցներով։

