Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել՝ նշելով՝ «օֆշոր 27.000.000$... #գժանոց»։
ArmDaily.am-ի հարցին, թե ինչ 27.000.000$-ի մասին է խոսքը, Սիրունյանն ասաց, որ ըստ օդում կախված լուրերի՝ Դավիթ Տոնոյանի ազատվելուց մեկ օր առաջ Պաշտպանության նախարարությունը ևս 27 մլն դոլարի փոխանցում է կատարել օֆշորային կազմակերպությանը՝ իբրև ռազմամթերք գնելու համար։ «Շարունակելով այս թեման, անդրադառնամ նաև Մովսես Հակոբյանի հայտարարությանը, դրա վերաբերյալ նոր քրեական գործ հարուցելու կարիք չկար։ Ռազմամթերքի գնման գործընթացում չարաշահումների վերաբերյալ ՀՔԾ-ում իմ հաղորդման հիման վրա հարուցվել էր քրեական գործ, որում վեր են հանվել կոռուպցիոն լուրջ երևույթներ, այդ թվում՝ ռազմաթերքի գնի արհեստական ուռճացման բազմամիլիոնանոց դեպքեր։ Արդյունքում, քրեական գործը պարզապես կարճվել էր։ Մենք հիմա այդ կարճումն ենք բողոքարկում դրա համար դերասանություն կամ հերթական ֆոկուսներ անել պետք չէ, պետք է, ընդամենը այն գործի կարճումը վերացնել։ Դրանում կան տվյալներ Մովսես Հակոբյանի ասածներից մի մասի վերաբերյալ։ Ընդամենը քննությունը պետք էր շարունակել»։
Հիշեցնենք, որ ոստիկանության նախկին աշխատակից Վարդան Ղուկասյանը յութուբյան իր էջում պատմել է, որ ՊՆ փոխնախարար Մակար Ղամբարյանը Տոնոյանի ազատվելուց մեկ օր առաջ դուրս է գրել մի փաստաթուղթ, որով 27 մլն դոլար փոխանցել է Պատրոն Դավիթի ընկերությանը։ «Ընդ որում ՝ ԿԲ-ն վավերացրել է այդ 27 մլն դոլարը։ Այստեղ է՞լ է Սերժը մեղավոր։ Հարցրեք ԿԲ-ին, թե ինչո՞ւ է այս գումարը փոխանցվել»։
Նշենք, որ ըստ ընթացակարգերի՝ 50 հազար դոլար փոխանցման դեպքում Կենտրոնական բանկը ստուգումներ է անում, թե ինչու են այդ փոխանցումն անում, մինչդեռ այս 27 մլն դոլարը անմիջապես փոխանցվել է։
Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանն ասաց նման փոխանցման մասին որևէ բան ասել չի կարող, քանի որ եթե դա պետական գնումների հետ կապված որևէ ընթացակարգ է, ապա այդ հարցին կպատասխանեն գրավոր ընթացակարգով։ «Սակայն ամեն մի ցնդաբանության չէ, որ պետք է պատասխանենք։ ՊՆ-ն մեծ կառույց է, որ պարբերաբար մեծ գործընթացներ է կատարում, այս պահին պատասխանել, թե ինչ գործընթացներ ինչ վճարումներ են կատարվել երեկ, նախորդ օրը կամ մեկ շաբաթ առաջ՝ ես, բնականաբար, չեմ կարող հիմա պատասխանել։ Գրավոր դիմեք մենք մանրամասն կպատասխանենք»։

