Այսօր Պաշտպանության նախարարության մոտ անհետ կորած զինծառայողների հարազատներն ու ծնողները բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանց հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը հայտնեց, որ այսօր ժամը 14։00-ին վարչապետի մոտ ընդլայնված կազմով խորհրդատվություն է եղել՝ հատուկ անհետ կորած տղաների հետ կապված հարցով։ «Վարչապետը որոշում է կայացրել փոխվարչապետի գլխավորությամբ միջգերատեսչական հանձնաժողով ձևավորել, որը պետք է շատ արագ զբաղվի այս տղաների հարցերով և բոլոր ծնողներին անխտիր իրենց պատասխանը տրվի՝ իրենց երեխաները որտեղ են գտնվում, այս պահին ինչ վիճակում են և եթե հնարավոր է նրանց հայտնաբերել, ժամկետների հետ կապված, սոցիալական երաշխիքների հետ կապված շատ արագ լուծումներ գտնել։ Բացի այդ վարչապետն ինձ հանձնարարել է, որպեսզի հանդիպում կազմակերպենք անձամբ իր հետ։ Հիմա այդ նպատակով եմ եկել այստեղ, որպեսզի ցուցակագրենք, հենց այս շաբաթ վարչապետի հետ հանդիպեք, որպեսզի բարձրացնեք ձեր հարցերը ու ստանաք պատասխաններ»,- ասաց Սարգսյանը։
Հավաքվածները հետաքրքրվեցին, թե այդ հանձնաժողովը նո՞ր են ուզում ստեղծել. «Ամսի 5-ից մինչև հիմա դուք հանձնաժողով եք ստեղծում։ Եթե Սասուն Միքայելյանը վիրավորվեց, սաղ իմացան, մեր երեխեքը 50 օր կորել են, դուք մեզ տվյալներ չեք տալիս, դա ճի՞շտ ա»։
Մարտական գործողությունների ընթացքում գերեվարված, անհետ կորած զինծառայողների, այլ անձանց հանձնաժողովի նախագահ Վիտալի Ոսկանյանն էլ հայտնեց, որ երեկ Մատաղիսից, Մարտունիից և դեպի աջ գնացող կետերից հանել են մարմիններ։ «Այս պահի դրությամբ, արդեն ամսի 12-ից սկսած, տեղյակ եք, որ հանձնաժողովը տվյալներ է տրամադրում Կարմիր խաչին, Ռուսաստանի Դաշնությանը, մերոնք գտնվում են առաջնագծում, ձևավորել ենք ձևաչափ, որոշ հատվածներում, բայց քանի որ լրատվամիջոցները շատ են, չեմ կարող ասել ավելի մանրամասն... Ողջ երեխաներ ունենք, որոնց կարողացել ենք տարբեր հատվածներից գտնենք, ծնողները տեղյակ են»։
Քաղաքացիներից մեկը նշեց. «Ասում եք 30 զինվոր եք գտել, էդ զինվորներից մեկի անունը տվեք, կամ իր ծնողի, չկա»։ Ոսկանյանն էլ արձագանքեց, որ եթե իրեն առանձին մոտենան, տվյալներ կտրամադրի։

