«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանն այսօր անդրադարձել էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի գրառմանը, որտեղ նա ասում է, որ այս օրերին, երբ փորձում է մի խնդրի մասին բարձրաձայնել, այն լուծել, դրանց հետևում են անեծքները, հայհոյանքները։
Իսայանը մասնավորապես գրել էր. «Տիկին Սոֆյա Հովսեփյան, եթե դեռ չեք նկատել, ապա ասեմ, որ պետական ապարատն ամբողջությամբ պարալիզացված է, քանի որ այն Վարչապետը, որի թիմի մասն եք կազմում, ի դեպ, նաև Դուք, կապիտուլյացիայի խայտառակ փաստաթուղթ է ստորագրել: Եվ կազմակերպչական ապաշնորհ ղեկավարմամբ աչքի ընկած պաշտոնյաները այս օրերին վերջնականապես տապալեցին իրենց վստահված ոլորտները՝ վկան Քարվաճառից, Մարտակերտից, Մարտունիից և այլ բնակավայրերից սպոնտան, իրենք իրենց ցավի հետ բացարձակ մենակ մնացած մարդկանց գաղթն էր: Հուսամ՝ թշնամուն հանձնվող բնակավայրերի ցանկին ծանոթացել եք: Դե իսկ Շուշին ուղղակի հանձնելու մասին աշխարհն է խոսում: Սա այսպես՝ միջանկյալ: Այստեղ են ասել՝ «սելը ճռռալու փոխարեն սելվորն է ճռռում»:
Ինչ վերաբերում է հանձնաժողովին. Դուք որտեղի՞ց կարող եք իմանալ, թե այս օրերին հանձնաժողովը, ինչպես նաև հանձնաժողովի անհատ-պատգամավորները՝ այդ թվում կարծում եմ նաև ձեր իսկ թիմակիցները, ինչ աշխատանք են կատարել և կատարում: Որտեղի՞ց կարող եք իմանալ, թե ինչ կառույցների հետ է կապ հաստատվել, ինչ գրություններ են ուղղվել, ինչ այցեր են կատարվել: Եթե աշխատելու չափիչը ձեզ համար ֆեյսբուքում կատարվող փոսթերն են, ապա հիշեցնեմ, որ այդ գործելաոճի պատճառով մենք Հայրենիք կորցրեցինք: Պոպուլիզմը ոչ մի տեղ տանող ճանապարհ է...»․
Իսայանի գրառմանն անդրադարձել է նաև Նաիրա Զոհրաբյանը.« Դե իր նման դեմագոգի համար գործ անելը ֆեյսբուքում տքնաջան գրառում անելն է»։
Սոֆյա Հովսեփյանն էլ անդրադարձել էր Իսայանի և Զոհրաբյանի մեկնաբանություններին. «Տիկին Իսայան ցավում եմ, որ հանձնաժողով և անհատ շփոթել եք և հորդորում եմ մեկ անգամ ևս կարդացեք գրառումս։ Հաջորդ ես չեմ տարանջատել որևէ քաղաքական թիմ , այլ խոսել եմ ամբողջական հանձնաժողովի մասին և դա չի ենթադրում անհատական աշխատանք։
Իսկ տիկին Զոհրաբյանի գրառմանը, որն ինձ որակել է դեմագոգ, պարզապես չեմ անդրադառնա , քանի որ քաղաքականությունը ինձ չի ստիպում կորցնել մարդկանց հանդեպ հարգանքս, որը ցավոք չտեսա ոչ ձեր , ոչ տիկին Զոհրաբյանի արձագանքում ։ Բարին ձեր հետ գործեք, քանի որ այսօր դրա կարիքը կա, իսկ իմ գործունեությունը հավատացնում եմ ոչ դուք ոչ տիկին Զոհրաբյանը պետք է գնահատեք»։

