Համացանցում հայտնվել է Արցախի այն բնակավայրերի ցանկը, որոնք պետք է հանձնվեն Ադրբեջանին։ ArmDaily.am-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն ասաց, որ ստուգել է հրապարակված ցանկը և պարզել, որ ցանկը իրականությանն համապատասխանում է։ «Բնակավայրեր կան, որոնք սովետական ժամակահատվածում անկլավ էր ԼՂԻՄ տարածքում, հիմա դրանք էլ են անցել Ադրբեջանին։ Մեր ստուգածով՝ 2 բնակավայր էր պակասում, օրինակ, Ակնան նշած չէր ու Վարանդան։ Ընդ որում՝ ցուցակում համայնքների անուններն են, այսինքն, որոշ անունների տակ իրականում 2-3 բնակավայր կա»։
Սակայն, պետք է փաստել, որ ցուցակը պաշտոնական չէ, Վրթանեսյանն ընդգծեց, որ չի հանդիպել կառավարության կողմից որևէ նման ցանկի։ «Այնպիսի տպավորություն է, որ թե ՀՀ, թե Արցախի կառավարությունը կաթվածահար է, որովհետև կան բազմաթիվ թեմաներ, որոնց պետք է շտապ արձագանքեին, սակայն որևէ արձագանք չկա։ Այդ թվում՝ տեղահանվող մարդկանց, արցախցիների հետ ծագող խնդիրներին, այդ մարդկանց տեղահանումը կազմակերպելուն պետությունը որևէ կերպ չի աջակցում, որպեսզի մարդիկ կարողանան իրենց գույքի մի մասը փրկել, այդ ամեն ինչում իշխանությունը ընդհանրապես չի երևում, միջադեպն էլ, երբ մարդիկ ստիպված են եղել ադրբեջանցիների վիրավորանքների ներքո ունեցվածքը հանել՝ վկայում է դրա մասին։ Ընդ որում՝ մինչ այդ իրենց պատանդ էին վերցրել ու հազիվ են համոզել որ բաց թողնեն»։
Անդրադառնալով Ադրբեջանից Նախիջևան ճանապարհային միջանցքին՝ նա նշեց, որ տեղյակ չէ, թե որտեղով է անցնելու այդ ճանապարհը։ «Այն, որ այդ հարցերին դեռ պատասխաններ չեն տրվում ու արհամարհվում են իշխանությունների կողմից, ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ պետական կառավարութումը պարալիզացված է։ Անգամ այն, որ Լաչինում 5 կմ միջանցք է գործելու՝ հստակ չէ, քանի որ տառացիորեն 2 օր առաջ ադրբեջանցիները դուրս էին գալիս այդ 5 կմ-ոց միջանցք, ավտոմեքենաներ էին կանգնեցնում։ Ինչ վերաբերում է Մեղրիով ճանապարհին՝ խնդիրն այն է, որ կան բաներ, երբ մենք չենք կարող փոխարինել իշխանություններին։ Այդ փաստաթուղթը ստորագրելուց առաջ այդ մանրամասները պետք է ճշտված լինեին բոլոր հարցերի պատասխանները։ Այնպիսի տպավորություն է, որ Փաշինյանը աչքերը փակել ու փակ աչքերով ստորագրել է դա՝ առանց հասկանալու, թե ինչն է հանձնում, առանց հասկանալու, թե դրանից հետո ինչ հետևանքներ են լինելու, ուղղակի պահի տակ որոշել է ու հանձնել։ Աբսուրդ է թվում, բայց այդպես է։ Ես դժվարանում եմ ասել, թե արդյոք Նիկոլ Փաշինյանը հասկացել է, թե ինչ են այդ անունները նշանակում, եթե հիշում եք՝ շատ վաղուց մի հոդված ուներ, որտեղ ասում էր՝ տհաճ անուններով տարածքներ են դրանք, հիմա, ամենայն հավանականությամբ՝ իր համար այդպես էլ մնացել է՝ տհաճ ու օտար հնչողությամբ անուններով տարածքներ։ Կարծում եմ, ինքը չի էլ հասկացել, թե ինչ է ստորագրում ու ինչ հետեւանքներ է դա ունենալու։ Հաշվի առնելով իր տգիտությունը որպես ղեկավարի՝ չեմ զարմանա, եթե պարզվի, որ չի էլ հասկացել թե ինչ է հանձնում»։

