ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն նոյեմբերի 20-ին Ադրբեջանի Հանրապետությանը անցավ նաև Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղը։
Վազգենաշենը գտնվում է Արցախի հարավային հատվածում։ Մարտունի շրջկենտրոնից գտնվում է 33 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 45 կմ հեռավորության վրա։ Համայնքը հարթավայրային է, ունի 3073,15 հա տարածք, որից 2600,31 հա գյուղատնտեսական նշանակություն, 302,15 հա անտառային հողեր։ Համայնքում կա գյուղապետարան, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում էր 54 աշակերտ։
2015թ-ի տվյալներով Վազգենաշեն համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 306 մարդ՝ 59 տնտեսություն։
Կան պատմամշակութային Սբ. Աստվածածին եկեղեցին (19-րդ դար) և Շոշկավանքը (17-րդ դար)։ Շողամանքը հիմնովին վերանորոգվել է 2009թ-ին։ Նոյեմբերի 12-ին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ձեռամբ օծվեց Շոշկավանքի Ս. Աստվածածին եկեղեցին: Շոշկավանքը, որ իբրև սրբավայր հայտնի է դեռ 13-րդ դարից, խոնարհվել էր խորհրդային իշխանության տարիներին: Եկեղեցին հիմնովին վերանորոգվել է ԼՂՀ Պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի ու նրա եղբոր` Կարո Բաբայանի բարերարությամբ, իսկ տարածքի բարեկարգման ու հարակից շինությունների կառուցման ծախսերը հոգացել է արցախցի գործարար Տիգրան Խաչատրյանը:

