Եռակողմ հայտարարության ստորագրումից հետո հանրության շրջանում առաջացած դժգոհությունները թոթափելու նպատակով վարչապետ Փաշինյանը հայտարարեց, թե կառավարության կազմում փոփոխություններ են սպասվում։
Փոփոխությունները, սակայն, երկար սպասեցնել չտվեցին։ Բայց մինչ այդ իշխող քաղաքական մեծամասնությունը՝ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի միջոցով արշավ սկսեց ՊՆախարար Դավիթ Տոնոյանի նկատմամբ։ Ինչ տվեց այդ արշավը իշխանություններին եւ ինչ վնաս հասցրեց՝ թող եզրակացություններ անեն գործադիրում։
Ինչեւէ, արդեն իսկ մի շարք պաշտոնանկություններ եղել են, մյուսները ընթացքի մեջ են։ Պաշտոններից հեռացել են ՊՆ Դավիթ Տոնոյանը, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, ԱԻՆ Ֆելիքս Ցոլակյանը, ԱԳՆ Զոհրապ Մնացականյանը։ Մի շարք նախարարների հրաժարականներ դեռ առջեւում են, մասնավորապես շրջանառվում է Արայիկ Հարությունյանի, Արսեն Թորոսյանի պաշտոնանկությունը։
Ինչեւէ, այս պաշտոնանկությունները ձեւի եւ բովանդակության առումով մի շարք հարցեր են առաջացնում։
1. Ինչո՞ւ են պաշտոնանկ արվում այս նախարարները, արդյոք նրանք վա՞տ են աշխատել, թերացե՞լ են իրենց աշխատանքում։ Եթե թերացել են իրենց աշխատանքում, ապա ինչու են բավարարվում միայն պաշտոնանկությամբ, գուցե պետք է նաեւ ծառայողական քննություն իրականացնել, իրավապահներին դիմել։ Վերջիվերջո, մի ամբողջ ոլորտ ղեկավարելը եւ այն ձախողելը չպետք է պատժվի միայն պաշտոնանկությամբ։ Ստացվում է, որ այսքան ժամանակ տվյալ ոլորտների ղեկավարումը քննադատողները ճիշտ էին, իշխանությունները, սակայն, չէին ընդունում այդ քննադատությունը։
2. Եթե Հայաստանում այսքան հաճախ են նախարարներ փոխվում են փոխվում վատ աշխատանքի պատճառով, գուցե քաղաքական որոշում կայացնողը, նշանակողը պրոֆեսիոնալ չէ։ Գուցե արժե հենց նշանակողին փոխել, վերջիվերջո, ինչպես կարելի է մի քանի ամիսը մեկ նախարար փոխել։ Նրանք չեն էլ հասցնում հարմարվել իրենց աշխատանքին, ճանաչել ոլորտը, խնդիրները, հասկանալ սպեցիֆիկան եւ գալիս է հեռանալու ժամանակը։
3. Այս կադրային փոփոխությունների համար պատշաճ բացատրություններ են պետք, այլապես, եթե չի ներկայացվում պատճառը, չի նշվում, որ նրանց հեռացնում են վատ աշխատանքի համար, ստացվում է, որ նրանք իրավիճակի քավության նոխազն են դարձել։ Հետեւաբար՝ նրանց հեռացնում են քաղաքական նկատառումներով՝ հանրության աչքին թոզ փչելու, բացասական տրամադրությունները կոտրելու եւ փոփոխությունների իմիտացիա անելու համար։
4. Եթե այսօր հեռացողներին քավության նոխազ են դարձնում, ապա պետք է բացատրվի նաեւ, թե նրանք ինչ կապ են ունեցել կապիտուլացիայի համաձայնությունը ստորագրելու, պատերազմում մեր պարտության հետ։ Վերջիվերջո, այս ամենում առաջին մեղավորը վարչապետն է, ով պետք է պատասխանատվությունը վերցներ իր վրա եւ լիներ առաջին հեռացողը։ Վարչապետը հրաժարական չի տալիս, բայց որպեսզի իր հրաժարականը չպահանջեն, հանում է թիմակիցներին։
5. Այսպիսի գործելաոճը տեսնելով՝ ովքեր կհամաձայնեն ճանապարհ անցնել նման ղեկավարի հետ, ով պատրաստ է կուժնուկուլան կոտրել ենթակայի գլխին, սեփական կաշին փրկելու գնով «փուռը տալ» մյուսներին, բոլորին։ Վաղը, մյուս օրը այսօր նշանակվածները կկանգնեն նույն խնդրի առաջ՝ նրանց կազատեն առանց բացատրության եւ ելնելով իրավիճակի անհրաժեշտությունից։ Ընդ որում՝ դա կարող է լինել 6 ամիս հետո, հենց այդքան ժամանակ է խնդրել Փաշինյանը ժողովրդից երկրում փոփոխություններ անելու համար։
6. Սակայն անգամ այս հրաժարականները չեն կարող լռեցնել վարչապետի հրաժարականի պահանջը։ Ոլորտային ձախողումները, մանրումիջին մեղքերը զրոական նշանակություն ունեն պատերազմում մեր կորուստների, Արցախի 9 շրջաններ հանձնելու եւ գաղտագողի կապիտուլացիայի փաստաթուղթ ստորագրելու համեմատ։
7. Եթե այս իշխանությունները եւս առաջնորդվում են նախկինների հայտնի «հավատանք, որ փոխվենք» կարգախոսով, ապա կրկին կձախողվեն։ Պաշտոնավարման առաջին իսկ օրից իշխանությունները կադրային խնդիր ունի, այս փոքր երկրում մնացած քիչ պրոֆեսիոնալներից նրանք ազատվեցին «սեւի, նախկինի» անվան տակ, բերեցին երիտասարդ, անփորձ համակիրների եւ ձախողումները զգում են սեփական մաշկի վրա։ Փոխարեն գոնե այժմ դասեր քաղեին կադրային նշանակումների առումով, տուրք չտային յուրայինին, քայլածին, հավատարիմին, այլ տեղ տային պրոֆեսիոնալին, սկզբունքայինին, հայրենասերին՝ հանուն ոլորտի փրկության, հաջողությունների։ Մեզ այժմ ուժեղ, իմաստուն կառավարիչներ են պետք հետպատերազմյան մղձավանջից երկիրը հանելու համար, սակայն Փաշինյանը կուսակիցներին փոխարինում է խորհրդականներով։ Գումարելիների տեղափոխումից գումարը պե՞տք է փոխվի, նրա՞նք են ոտքի կանգնեցնելու համակարգը, խիստ կասկածում եմ։
Այս «հաց եւ տեսարաններ» խաղը տեսել ենք բազմիցս՝ տարբեր իշխանությունների ժամանակ, կարելի է ասել՝ այն գործունակությունը կորցրել է։ Ամեն անգամ՝ հենց երկրում լուրջ դժգոհությունների ալիք էր բարձրանում՝ հանրությանը շեղելու համար կեղծ օրակարգեր էին ներմուծում՝ կեղծ հաղթանակներ, պարտություններ, հերոսներ եւ հակահերոսներ։ Մարդկանց զբաղեցնում էին այս ամենով, մինչեւ կբթանար հիմնական ցավը։ Բայց Արցախի կորուստը եւ Հայաստանին վերահասած վտանգը ժամանակի ընթացքում չսպիացող վերքերից է, որեւէ կադրային նշանակություն չի կարող այն դարմանել եւ մոռացության տալ եղածը։ Որեւէ մեկն այլեւս հույսեր չի կապում նոր կադրերի հետ, նրանցից սպասելիքներ չկան։ Այնպես որ այս անգամ ձգվող ժամանակը կարող է իշխանության օգտին չլինել, 6 ամիս հետո չտեսնելով խոստացած փոփոխությունները եւ բախվելով բազմաթիվ խնդիրների՝ իշխանությունները կկորցնեն իրենց ստվար ընտրազանգվածը, ատելությամբ, թշնամանքով, նախկիններին մեղադրելով, դավաճաններ փնտրելով իշխանություն չես կարող տեւական ժամանակ պահել։

