Ադրբեջանցիները վնասել են Շուշիի Կանաչ ժամ եկեղեցու գմբեթը, մասամբ՝ ավերել
Մշակույթ
Համացանցում մի ադրբեջանցի օգտատիրոջ կողմից տեսանյութ է հրապարակվել, որում երևում է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին մասամբ ավերված վիճակում։ Գրեթե ամբողջությամբ ավերվել են եկեղեցու գմբեթն ու զանգակատունը։
Տեսանյութը «Ֆեյսբուք»-ում նոյեմբերի 15-ին է հրապարակվել:
Մեկ այլ օգտատիրոջ՝ ադրբեջանցի զինծառայողի՝ համացանցում հայտնված լուսանկարներից մեկի ֆոնին երևում է կանգուն եկեղեցին, մեկ այլ լուսանկարում գմբեթներն արդեն չկան։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արցախի հոգեւոր ժառանգության բաժինը, անդրադառնալով մշակութային ու կրոնական վանդալիզմին, հայտարարություն է տարածել այն մասին, որ խստորեն դատապարտում են Շուշիի Կանաչ ժամ՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հանդեպ իրականացված վանդալիզմը Ադրբեջանի կողմից։
«Հոգեւոր-մշակութային արժեքների հանդեպ նմանօրինակ կեցվածքը շարունակությունն է Ադրբեջանի կողմից տասնամյակներ շարունակ հայկական մշակույթի հանդեպ իրականացված գործունեության։ Փորձելով ջնջել հայ մշակույթի վկայությունները Արցախի հողից՝ փորձ է կատարվում նաեւ վերացնել մեր հայրենիքի պատմական պատկանելիության փաստերը։
Մենք կոչ ենք ուղղում միջազգային հանրությանը եւ համապատասխան կառույցներին՝ դատապարտելու Ադրբեջանի կողմից Շուշիի եկեղեցու հանդեպ իրականացված նման վայրագությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ: