Անգամ պատերազմից հետո Հայաստանում խաղաղություն չի հաստատվում։ 44օրյա պատերազմի ընթացքում մենք կորցրեցինք մեր լավագույն զավակներին, մեր թանկ հայրենիքը, իսկ հիմա կորցնում ենք մնացածը։
Պատերազմի ժամանակ թշնամին էր գրոհում մեր ԶՈՒ-ի, մեր ռազմական ղեկավարության ուղղությամբ, խաղաղության ժամանակ էլ իշխանությունը կամ առանձին պաշտոնյաներ են գրոհում։
Երկու օր է՝ մենք ականատես ենք «Իմ քայլի» պատգամավոր, Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի մեղադրանքներին եւ վիրավորական արտահայտություններին՝ ուղղված Դավիթ Տոնոյանի հասցեին: Պատգամավորը մի բան հայտարարում է, ՊՆ-ն հակադարձում է, արանքում ռազմական գաղտնիքներ են բացահայտվում։ Տպավորություն է, թե այս պաշտոնը ընդդիմության պորտֆելն է եւ իշխանությունը դժգոհ է իրենց գործադիրի մաս կազմող անդամից։ Մյուս կողմից էլ՝ տարօրինակ է, որ Քոչարյանը իրեն հուզող հարցերը չի կարող քննարկել խմբակցությունում, կուսակցությունում եւ գերադասում է հրապարակային խարազանելը։
Վերջիվերջո, եթե վատ կադր էր Տոնոյանը՝ չնշանակեիք, եթե պետք է հրաժարական տա, քննարկեք եւ կազմակերպեք, ինչո՞ւ եք հանրությանը զբաղեցնում ձեր պարապ տեսարաններով։ Պղտոր ջրում ձո՞ւկ եք որսում ձեր անձնական ամբիցիաների համար, ներկայացո՞ւմ եք խաղում, թե՞ կազմակերպված արշավ եք տանում պարտված, ֆիզիկապես հյուծված, հոգեպես կոտրված մեր ռազմական ղեկավարության դեմ։ Այս հարցերին պետք է պատասխանի հենց վարչապետը, ով կամ ազատում է Տոնոյանին, կամ լռեցնում Քոչարյան Անդրանիկին եւ նրա «պապից ավելի կաթոլիկ հայտարարությունները»։
Այն, որ պատերազմի ժամանակ ռազմական ղեկավարությունը մեղքեր, սխալներ է գործել, ակնհայտ է։ Կասկածից վեր է նաեւ, որ այս ամենը պարզաբանման կարիք ունի։
Սակայն ռազմական ղեկավարության հետ մեկտեղ եւ նրանից առաջ պետք է պատասխանտվության ենթարկվի նաեւ քաղաքական ղեկավարությունը։ Գերագույն գլխավոր հրամանատարին միայն հաղթանակների դեպքում չեն հիշում եւ աջակցություն հայտնում։ Իրավիճակի առաջին պատասխանատուն եւ մեղավորը հենց քաղաքական իշխանությունն է, զինվորականներին քավության նոխազ դարձնելը, ԶՈՒ-ում խժդժություններ առաջացնելը հղի է ծանր հետեւանքներով։
Առհասարակ՝ ՊՆ-ն եւ մեր քաղաքական իշխանությունը պետք է ոչ թե անդրադառնա Քոչարյանի անձնական շահերով պայմանավորված վիրավորանքներին, այլ խոսի փաստերով։ Վերջիվերջո, մինչեւ այժմ ՊՆ-ն պատշաճ պարզաբանում չի ներկայացրել զենքի գործարքում կոռուպցիայի մասին հրապարակված տեղեկությունների վերաբերյալ։
Իշխանությունը պետք է պարզաբանում ներկայացնի ՊԲ նախկին հրամանատար, ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, ՊՆ վերահսկողական ծառայության արդեն նախկին պետ գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հայտարարությունների մասով։ Վատ չէր լինի, որ ռազմական ղեկավարության դարդուցավով ապրող Անդրանիկ Քոչարյանը եւս ինչ-որ բան նախաձեռներ, փորձեր պարզել։
Քիչ առաջ Հակոբյանը իր ասուլիսում սենսացիոն բացահայտումներ արեց, որոնցով անհապաղ պետք է զբաղվեն իրավապահները, բայց ոչ թե առաջին հերթին Հակոբյանի դեմ սուտ մատնության հոդվածով գործ հարուցելու, այլ նրա հայտնած տեղեկությունների իսկությունը պարզելու նկատառումով։
Հայաստանի ուժային կառույցները՝ ի դեմս ԱԱԾ-ի, Դատախազության, պետք է ապացուցեն, որ իրենք սպասարկում են ոչ թե իշխանություններին, այլ պետությանը, գործում են ոչ թե պատվերներով, այլ Սահմանադրությամբ եւ օրենքներով։
Եթե Մովսես Հակոբյանի հայտարարությունները ճշմարտություն են, ապա անհապաղ ուժային կառույցները պետք է գործի անցնեն։ Արդյոք վարչապետը հրաման է տվե՞լ ՀՀ զինված ուժերին կանգնեցնել զորամիավորումների լրահամալրումը, ի՞նչ ձայնագրության մասին է խոսում Հակոբյանը, ինչո՞վ է զբաղված եղել Աննա Հակոբյանը Արցախում, ինչո՞ւ են Հակոբյանին արգելել մասնակցել գործողություններին...։
Պատերազմում մեր պարտությունը բազմաթիվ մութ կողմեր եւ կասկածելի խութեր ունի, դավաճանության հոտը այնքան սուր է՝ այն չզգալու համար։ Ընդ որում՝ դավաճաններին պետք չէ փնտրել ստորին օղակներում, զինվորների, կամավորների, ժողովրդի մեջ։ Կամ հիմնավոր հերքեք այն բոլոր կասկածները եւ մեղադրանքները, որոնք ներկայացնում են մասնագետները, կամ հանձնվեք արդարադատությանը՝ աղերսելով ներում ժողովրդից եւ Աստծուց։

