Երեկ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հաճելիորեն զարմացրեց շատերիս։ Սարգսյանի նախագահության համար մենք «պարտական ենք» նախկին իշխանություններին, ովքեր նրան բերեցին եւ դարձրին նախագահ՝ իբրեւ բացառիկ պետական գործիչ, լավ դիվանագետ, հայրենասեր պաշտոնյա։
Քավ լիցի, ամենեւին կասկածի տակ չդնելով Սարգսյանի մարդկային եւ մասնագիտական որակները, հարցն այն է, թե ինչ է արել այդ նախագահը իր սուպեր կարողություններով հանդերձ։ Իհարկե, խորհրդարանական կառավարման պարագայում նախագահի լիազորությունները խիստ սահմանափակ են, սակայն մեծ հարց է՝ արդյոք այդ սահմանափակ լիազորությունները իրականացնում է Սարգսյանը։
Սահմանադրության 123-րդ հոդվածում նշվում է, որ Հանրապետության նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը, իր լիազորություններն իրականացնելիս անաչառ է և առաջնորդվում է բացառապես համապետական և համազգային շահերով:
Ի՞նչ է արել եւ անում նախագահը իրեն տրված այս լիազորությունների տեսքով, մենք տեսանք բազմաթիվ աղմկահարույց օրենքներ, որոնց ընդունվեցին Սարգսյանի լուռ համաձայնության ներքո, մենք տեսանք Սահմանադրական դատարանի հետ կապված գործընթաց, փոխարենը չտեսանք նախագահի՝ ՍԴ դիմելը, վետոյի իրավունքից օգտվելը։
Մշտապես իր սահմանափակ լիազորություններից բողոքող եւ իր անգործությունը դրանով արդարացնող նախագահը գերադասում էր «անշառ» կյանքով ապրել իր հարմարավետ պաշտոնին։ Ցավալի է արձանագրել, որ 2,5 տարվա ընթացքում մենք լսեցինք սուպերհմտություններ ունեցող գործչի մասին, տեսանք նրա լավ մտածված PR արշավները, սակայն կոնկրետ քայլեր, շոշափելի արդյունքներ չտեսանք։
Սարգսյանը թագավորում է, բայց չի կառավարում, կառավարության նոտարի դերն է կատարում, ընդամենը «դակում» օրենսդիրի, գործադիրի ուղարկած առաջարկները, օրենքները, նշանակումները՝ իր ստորագրությամբ եւ կնիքով դրանք ավելի արժեւորելով, օրինակացնելով։ Սակայն Սարգսյանը համակերպվել էր իր դերին, վայելում էր իր պաշտոնը, հասարակությունն էլ նրանից որեւէ սպասելիք, պահանջ չունի, համենայն դեպս այս ընթացքում չենք տեսել նրա կոշտ արձագանքը երկրում տեղի ունեցող իրադարձություններին, քննադատությունը իշխող քաղաքական մեծամասնության հասցեին։
Հետեւաբար՝ ինչո՞ւ ենք զարմանում, որ Սարգսյանը կարող է մամուլից տեղեկանալ ստորագրված համաձայնության մասին, իսկ մի՞թե նա արել է բավարար քայլեր, որպեսզի իշխանությունը, վարչապետը հարկ համարեր նրան տեղեկացներ, նրա հետ քննարկեր իրավիճակը, լսեր նրա թանկ խորհուրդները, օգտագործեր նրա տարիներով ձեռք բերած դիվանագիտական կապերը։
Ահա, այսպիսի «թագավորումից» հետո երեկվա ելույթը իսկապես հիացնող էր։
Սարգսյանը իր մեջ խիզախություն գտավ հայտարարելու, որ երկիրը ցնցումներից զերծ պահելու համար ի վերջո անխուսափելի են լինելու Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները, իսկ մինչ այդ կառավարումը կհանձնվի բարձր որակավորում ունեցող Ազգային համաձայնության կառավարությանը:
Պատկերացնում եք՝ իր 2,5 տարվա գործունեության ընթացքում Սարգսյանը մշտապես հավատարիմ լիներ իր կոչմանը եւ գործառույթներին, մենք բազմաթիվ սթափ գնահատականներ կլսեինք, որոնք հնարավոր է կանխեին շատ քայլեր։ Համարձակությունն՝ ընդդեմ հարմարվողականության, պայքարն՝ ընդդեմ անտարբերության, ճշմարտությունն՝ ընդդեմ հաճոյախոսությունների, Սահմանադրությունն եւ օրենքները՝ ընդդեմ ապօրինությունների, նախագահի ինստիտուտը՝ հանուն ազգային եւ պետական շահի սկզբունքները գործելաոճ դարձնելու դեպքում գուցե բազմաթիվ հարցեր այսօր այլ տեսք ունենային, բազմաթիվ խնդիրներ չլինեին։
Ինչեւէ, անգամ 2,5 տարվա լռությունից հետո Սարգսյանի ուշացած համարձակ խոսքը կարելի է գնահատել՝ մանավանդ կանխատեսելով, թե ինչ արշավ կսկսի նրա դեմ։ Նորից օրակարգ կգան Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից հրաժարվելու մասին հայտնի շահարկումները, թե բա царь не настоящий։ Ու ամենեւին էական չէ, որ Փաշինյանը փակել էր այդ թեման՝ հայտարարելով, թե տեսել է փաստաթղթերը եւ կարծես այս 2,5 տարվա ընթացքում այլեւս արդիական չէին Սարգսյանի հասցեին ընդդիմադիր ժամանակ արած հայտարարությունները։ Բայց, իհարկե, ամեն րոպե կարող է իրավիճակ փոխվել, Փաշինյանը կարող է հիշել հին մեղադրանքները, կոմպրոմատները, դրանք թարմացնել նորերով։ Եւ էլի լավ է, որ ամեն ինչ այդքանով ավարտվի, կարող էին պատերի տակ վնգստացողների հետ հաշվեահարդար տեսնելու եւ նախագահականը շրջափակելու մասին կոչեր էլ հնչեին։ Այնպես որ ըմբռնումով մոտենանք Սարգսյանի 2,5 տարվա գործունեությանը, չմոռանանք դա, բայց այժմ նախագահը առավել քան երբեւէ հանրային աջակցության կարիք ունի։

