Այսօր մի խումբ հադրութցիներ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա են արել։ Նրանք պահանջում են խախտված իրավունքերի վերականգնում։
«Մենք իրավունք ունենք ապրելու, մեր ստեղծածը պահպանելու։ Դրա համար էլ այստեղ ենք հավաքվել, որպեսզի միջազգային հանրությանը տեղեկացնենք։ Մենք նաեւ ուզում ենք հանդիպել դեսպանի հետ, որպեսզի մեր մտահոգություներով կիսվենք։ Ֆրանսիան դեմոկրատական Հանրապետություն է, հուսով ենք, որ ինչ-որ բանով կաջակցեն մեզ»,- նշեց հադրութցի երիտասարդ աղջիկը։
Դեսպանատան դիմած հավաքաված հադրութցիները իրենց հետ նաեւ նամակ էին բերել, որը ցանկանում են փոխանցել ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին։
Րոպեներ անց հադրութցիներին դիմավորեց Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը, ով վստահեցրեց՝ դեսպանատունը միշտ բաց է արցախցիների համար, եւ ինչպես նրանք, այնպես էլ իրենք մի շարք հարցեր ունեն ստորագրված փաստաթղթի վերաբերյալ։
«Մեր առաջնահերթությունն է, որ աջակցենք այն մարդկանց, որոնք տուժել են։ Այսօր օրվա ընթացքում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդիպում է ունենալու Հայաստանի ներկայացուցիչների հետ։ Ինչպես ասացի՝ մենք չենք ստորագրել այդ փաստաթուղթը, բայց նախագահ Մակրոնն ասել է, որ այն ինչ կատարվել է, պետք է ներկայացնի նաեւ Հայաստանի շահը։ Մենք միշտ բաց ենք արցախցիների համար»,- դիմելով հադրութցիներին ասաց դեսպանը։
Ֆրանսիայի դեսպանի հետ հանդիպումից հետո՝ հադրութցիները շարժվեցին դեպի ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն՝ նույն պահանջով։
«Էդքան եկեղեցիներ կառուցող հադրութցիները ինչի՞ պետք է լքեն իրենց հայրենի հողը, մենք մեր հավատքի հետ ենք։ Մենք հադրութեցի ենք, մենք հայ ենք, մենք չենք կարող ուրիշի կազմում լինել»,- նշեց հավաքվածներից մեկը։
Հադրութցիներին դիմավորեց ՌԴ դեսպանատան ներկայացուցիչը, ով փոխանցեց՝ որեւէ բան չի կարող մեկնաբանել, միայն նամակը կվերցնի եւ կփոխանցի ղեկավարությանը։

