Հայաստանում անիշխանություն է, կապիտուլացիայի հայտնի հայտարարությունը ստորագրելուց հետո վարչապետ Փաշինյանն անհետացել է։ Միայն ժամանակ առ ժամանակ լայվ է մտնում եւ զրուցում քաղաքացիների հետ։ Զրուցում է՝ ներկայացնելով, որ ստորագրված փաստաթուղթն էր միակ ելքը, միակ ճիշտը, ամեն անգամ փնտրելով ստեղծված իրավիճակի տարբեր մեղավորներ՝ նախկին թալանչիներ, կամավորներ, ՄՕԲ, Գագիկ Ծառուկյան, բանակ․․․։ Բոլորը, բոլորը, բացի ինքը, իր իշխանությունը, իր կառավարությունը։ Մինչդեռ Արցախի դեմ սանձազերծված պատերազմի, այսքան զոհերի, տարածքային կորուստների, դավաճանական փաստաթղթի միակ պատասխանատուն եւ մեղավորը իշխանությունն է։ Ինչպես հաղթանակի դափնիներն են իշխանությանը, այնպես էլ պարտության պտուղները պետք է քաղել եւ պատախանատվությունը ստանձնել։
Այժմ 17 քաղաքական ուժեր հանրահավաք են անում, ելույթներ ունենում՝ ներկայացնելով ստորագրված փաստաթղթի վտանգները։ Նրանք պահանջում են Փաշինյանի հրաժարականը, հակառակորդները պնդում են, որ այս ուժերի ուզածը միայն իշխանություն է։
Չեմ հերքում, վերջիվերջո, քաղաքական գործունեություն ծավալող ուժերի նպատակը իշխանության հասնելն է, բայց դա ո՞ւմ համար է գաղտնիք եղել։ Մենք անգամ չենք կարող պահանջել կուսակցություններից, գործիչներից հայրենասիրություն, բարոյականություն, ազնվություն, ճշմարտախոսություն, ամեն մեկը պայքարում է այնպես, ինչպես կարող է՝ հավատարիմ իր նպատակներին, սկզբունքներին եւ բնականաբար գործելով օրենսդրական դաշտում։ Սակայն եկեք մի կողմ թողնենք կուսակցություններին եւ քաղաքական գործիչներին։ Եկեք լսենք մասնագետներին՝ փորձագետներ, իրավաբաններ, միջազգային իրավունքի լավագույն մասնագետներ, արդյոք կա՞ որեւէ ուղի ստորագրված փասստաթուղթը չեղարկելու կամ գոնե փոփոխելու։ Նրանք ասում են՝ կա՝ ռազմական դրության վերացում, ինչը թույլ կտա վարչապետի հրաժարականի պահանջ ներկայացնել, իսկ հրաժարականի դեպքում ազգային փրկության շտաբի կամ այլ մարմնի ձեւավորում՝ ըստ էության նոր իշխանություն, ով կարող է հայտարարել, որ հետ է կանչում ստորագրությունը, չի ընդունում նախկինի կնքածը։ Ընդ որում՝ ամենեւին էական չէ՝ ով կգա իշխանության՝ Պուտինի մարդը կլինի, թե Բենլադենինը, կարեւորը՝ գա մեկը, ով լինի հայրենասեր, բանակցող, ճկուն, հմուտ քաղաքական գործիչ, ով կարողանա իրավիճակի մեջ բեկում մտցնել։
Տեսականորեն հնարավոր է այս սցենարը, իսկ պրակտիկ կյանքում դրա հաջողվածությունը կյանքը ցույց կտա։ Սակայն, եթե չպայքարենք, փողոց դուրս չգանք, չպահանջենք, ինչպե՞ս կարող ենք հասկացել՝ հնարավոր էր վիժեցնել գործընթացը, թե ոչ։ Ի՞նչն է մեր նպատակը՝ խայտառակ կապիտուլացիայի փաստաթղթում բեկում մտցնելը, իրավիճակ փոխելը, թե մեր սիրելի վարչապետի հետագա պաշտոնավարումը։ Ինչի՞ ենք մենք ձգտում՝ փրկել Արցախը եւ Հայաստանը, թե թույլ չտալ մեր այդքան ատելի նախկինների, երրորդ, չորրորդ ուժերի իշխանության գալը։
Երբ մեր անկախության հարցն է զոհասեղանին, մենք կարո՞ղ ենք առաջնայինը երկրորդայինից տարանջատել։ Մենք կարո՞ղ ենք մոռանալ մեր համակրանքները եւ հակակրանքները, պայքարել հանուն Արցախի, ոչ թե հանուն վարչապետի։ Եթե Արցախը հետ բերելու գեթ 1 տոկոս շանս ունենք, միթե մենք պատրաստ չե՞նք անգամ սատանայի կողքին կանգնել մեր պետականությունը վերականգնելու համար։ Միթե սա այն կարմիր գիծը չէ, որից այն կողմ ոչինչ չունենք կորցնելու։ Մենք ինչպե՞ս կարող ենք ապրել եւ նայել մեր երեխաների աչքերին՝ հիշելով, որ երբ ընդամենը ժամեր ունեինք որեւէ բան անելու եւ իրավիճակ փոխելու՝ ոչինչ չարեցինք՝ չսիրելով ՀՀԿ-ին, ՀՅԴ-ին, ԲՀԿ-ին, Վանեցյանին, Քոչարյանին․․․։
Մենք հավատացինք Փաշինյանին, բայց նա գաղտնի ստորագրեց դավաճանական պայմանագիրը, նա կարող էր հրաժարվել՝ հայտնելով, որ չի ցանկանում պատմության մեջ մնալ հող վաճառող, նա կարող էր տեղեկացնել առաջարկված փաստաթղթի մասին, կարող էր կանխել այս օրհասական վիճակի հասնելը, կարող էր օգնություն խնդրել, կարող էր շտաբ ձեւավորել, գոնե պատասխանատվությունը կիսելով։ Եթե դա էր միակ ազնիվ եւ ճիշտ լուծումը, ինչո՞ւ դա արվեց գաղտնի, եթե ժողովրդի կարծիքը կարեւոր էր, ինչո՞ւ Փաշինյանը գնաց պատմության դասագրքերում իր անունը սեւացնելու ճանապարհով․․․։
Կարծում եք՝ սա այսպես հեշտ մարսող, մոռացվող հա՞րց է, մեր զոհերին կհուղակավորենք, կմոռանանք Արցախը եւ նրանց, սխալվում եք։ Ինչքա՞ն կարող է երկրի վարչապետը գողեգող ապրել, պաշտոնավարել, ի՞նչ են մտածում նրա թիմակիցները։ նրանք չե՞ն մտահոգվում իրենց եւ իրենց ընտանիքների ապագայի, անվտանգության մասին։ Նրանք լուրջ կարծո՞ւմ են, թե կարող են դուրս գալ փողոց, նայել ժողովրդի աչքերին, զոհվածների հարազատների հետ շփվել․․․։
Նրանք խորը մոլորության մեջ են, եթե խիզախություն ունենան ֆեյսբուքից դուրս գան, չառաջնորդվեն ֆեյքաֆաբրիկայի բուծարանի բիոզանգվածի լատինատառ եւ հայհոյախառը մեկնաբանություններով՝ կհասկանան, որ ոչ միայն Արցախն են կործանել, այլեւ իրենց։ Նրանք հավերժ անեծքի տակ են ընկել, նրանք այլեւս չեն կարող ապրել այս երկրում, եթե նույնիսկ այսօր պատասխան չտան, ապա դատաստանի օրը մի օր գալու է։
Չէ՞ որ մեր նոր իշխանությունները լավագույնս սովորեցրել են մեզ նախկիններին պատժել, նվաստացնել, հրապարակային դատաստան տեսնել․․․։ Իսկ պատմությունը կրկնվելու հատկություն ունի։
Սակայն պատմության կրկնությունը կարող ենք թույլ չտալ, եթե չհապաղենք, մեզնից կախվածը անենք, սարուձոր չընկնենք, անիմաստ կոնսուլտացիաներ, քննարկումներ չանենք։ Եթե իշխանությունը խիզախություն ունենա այժմ հրաժարական տալու, կարող է հնարավորություն տալ փրկելու Արցախը՝ փրկելով նաեւ ինքն իրեն եւ զերծ մնալով հետագա դատաստաններից։

