Իրավիճակն այս պահին Արցախի Հանրապետությունում բավականին հանգիստ է, վերահսկելի, մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցված են: Այս մասին այսօր Հանրային հեռուստաընկեությանը տված հացազրույցում ասաց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
«Շատ արագ տեղակայվում են Ռուսաստանի Դաշնության խաղաղարար ուժերը: տեղակայումն իրականացվում է Հայաստանից Գորիսով, Լաչինով դեպի Ստեփանակերտ, որից հետո խաղաղարար ուժերը կտեղակայվեն Լեռնային Ղարաբաղի սահմանների և շփման գծի երկայնքով»,- ասաց Տոնոյանը:
Անդրադառնալով մեղադրանքներին, որ այս համաձայնությունը դավաճանություն է՝ Տոնոյանը պատասխանեց. «Ես իհարկե վիրավորական եմ դիտարկում նման պիտակավորումները, քանի որ ՊՆ ամբողջ համակարգն իր զինվորականներով և քաղաքացիական համակարգում բոլոր զորահավաքային ռեսուրսը, կառավարությունը, սփյուռքը արել է առավելագույնը, որպեսզի մենք կարողանանք հաջողության հասնել: Այնպիսին էր աշխարհաքաղաքական իրավիճակը, որ մենք գործել ենք սպառազինության և ռազմական տեխնիկայի առումով, մատակարարումների առումով տոտալ բլոկադայում: Այն, ինչ-որ կատարվել է թիկունքային ապահովման և մարտական սպառազինության և տեխնիկայի ապահովման տեսանկյունից, կարելի է բացի ռազմական գործողություններից նաև հերոսամարտ անվանել: Արվել է անհնարինը: Ես վստահեցնում եմ, որ արվել է առավելագույնը»:

