Գիշերն անհանգիստ ու լարված է եղել հատկապես Ստեփանակերտում
22:39 - Սեյրան Օհանյանն այս օրերին դարձել է Շուշին պաշտպանող լեգենդ. Արծրուն Հովհաննիսյան
ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը այսօր ճեպազրույցի ընթացքում հայտնեց, որ մեր զորքերին հաջողվում է թշնամու ուժերին թույլ չտալ որևէ ուղղությամբ զարգացնել հաջողությունները, բայց մարտերը ընթացքի մեջ են. «Գիշերային ժամերին արդեն երրրոդ-չորրորդ օրն է Շուշիի համար ճակատամարտը շարունակվում է»:
Հովհաննիսյանն անդրադարձավ նաև Ալիևի այն հայտարարությանը և նշեց, որ մարտերը դեռ շարունակվում են.«Մեր զինվորները կռվում են անձնուրաց,հրամանատարներից շատերը նույնիսկ խախտելով մարտավարության կանոնները, տրամաբանությունը , զենքը ձեռքերին բարձրաստիճան հրամանատարությունը իջնում է, գնում կանգնում զորքի կողքին, խփում հակառակորդի տանկը, զրահամեքենան: Մինչև վերջին փամփուշտը ու բնագիծն իր զինվորների հետ կռվում է: Հետևաբար չշտապենք, սպասենք պաշտոնական հաղորդագրություններին, սպասենք Շուշիի ճակատամարտի ավարտին, որը ես վստահ եմ, որ մեր զորքը փառքով է ավարտելու և մենք հաղթելու ենք»:
Հարցին՝ հնարավո՞ր է Շուշիի մարտերի ավարտը կարող է բերել ռազմական գործողությունների ավարտին, Հովհաննիսյանը նշեց, որ չի կարծում, թե մի ճակատամարտից հետո պատերազմն արագ կավարտվի:
Խոսելով Շուշիի մարտերում նախկին ՊՆ Սեյրան Օհանյանի գործոնի մասին, Հովհաննիսյանն ասաց, որ Սեյրան Օհանյանն այս օրերին դարձել է Շուշին պաշտպանող լեգենդ. «Ու ես հավատում եմ և վստահ եմ, որ մենք նաև նրա հրամանատարությամբ գործը կհասցնենք ավարտին փառքով: Կեղծ է լուրը, որ նա վիրավորված է, նման բան տեղի չի ունեցել: Նա այսօր էլ կանգնած է զորքի կողքին և կռվում է»:
22:18 - Շուշիի մարտերը ողջ օրվա ընթացքում եղել են սաստիկ, այս պահին էլ որոշակի մարտեր ընթանում են. Հովհաննիսյան
ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը այսօր ճեպազրույցի ընթացքում հայտնեց, որ իրավիճակը սահմանին շարունակում է մնալ լարված.«Երեկ գիշեր և այսօր ողջ օրվա ընթացքում մարտերը տարբեր ուղղություններով շարունակվում են: Հյուսիսում թշնամու զորքերը փոքր մարտավարական խմբեր՝ հրետանու կրակի աջակցությամբ, փորձել են հարձակվել մեր դիրքերի ուղղությամբ, սակայն կորուստներ կրելով հետ են շպրտվել: Մարտունու ուղղությամբ վաղ առավոտյան որոշակի հաջողություններից հետո մեր զորքերին հաջողվել է թշնամուն կանգնեցնել, հետ շպրտել ելման բնագծերից, և նրանք կրել են զգալի կորուստներ: Շուշի քաղաքի մեջ և շրջակա հարակից տարածքներում, պարիսպների տակ, ճանապարհների վրա, որոնք տանում են դեպի Շուշի, մարտերը ողջ օրվա ընթացքում եղել են սաստիկ: Այս պահին էլ որոշակի մարտեր ընթանում են»:
Հովհաննիսյանը նշեց, որ սաստիկ է եղել նաև Բերձորի ուղղությամբ.«Թշնամու ուժերը մի քանի անգամ փորձել են ճեղքել և դուրս գալ դեպի Բերձոր: Հավանաբար փորձելով այդ ուղղությամբ օգնության հասնել Շուշիում կռվող իրենց ստորաբաժանումներին: Բայց կրելով զգալի կորուստներ, հետ են շպրտվել, դիմել են փախուստի»:
20:48 - ՊԲ ՀՕՊ-ը ևս 2 ԱԹՍ է խոցել, ոչնչացվել է հակառակորդի շարասյուն
ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները Ստեփանակերտից հյուսիս արևմուտք հատվածում ժամը 19:30-ի սահմաններում խոցել են հակառակորդի երկու ԱԹՍ:
Լարվածությունն առաջնագծում պահպանվում է: Հրետանային և ականանետային փոխհրաձգություն է: Հարավարևելյան ուղղությամբ դիտարկվել է հակառակորդի շարասյուն, որի ուղղությամբ վարվել է դիպուկ կրակ՝ ոչնչացնելով մեծ քանակի կենդանի ուժ և տեխնիկա։
ՊԲ զորատեսակները վստահաբար կատարում են իրենց մարտական առաջադրանքները, հակառակորդի մարտական ներուժի մաշումը շարունակվում է»:
20:46 - Եթե այս տեղամասերից մեկում մենք կարողացանք բեկում մտցնել, իրավիճակը կարող է փոխվել. Արծրուն Հովհաննիսյան
Հենց այսօր մարտեր են գնացել Մարտունիի, Բերձորի, Մատաղիսի հատվածում։ Այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում այս մասին հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Սկսենք հյուսիսից, Մատաղիսի ուղղությամբ որոշակի հարձակումներ եղել են՝ ոչ մեծ ներուժով։ Կիրառվել են սարքավորումներ, բայց հաջողության չեն հասել։ Մարտունիում առավոտ իրենք մի դիրք էին վերցրել մեզանից, բայց ահագին ուժեր մարտի մտցնելով՝ կորուստներ ունեցան և հետ շպրտվեցին։ Ես սպասում էի երկրորդ հարձակմանը, բայց կարծեդ չեղավ:
Նույն ընթացքում Հադրութից արևմուտք գտնվող ուղղությամբ, որտեղ մենք ոչ միագիծ դիրքեր ունենք, այնտեղ էլ ծանր մարտեր ընթացան, միգուցե գիշերն ու վաղն էլ ծանր մարտեր ընթանան։ Բայ էլի չի հաջողվել իրենց որևէ դիրք վերցնել: Երևում էր, որ այսօր ավելի համառ էին գրոհում և Մարտունիի ուղղությամբ և Ճարտարի ուղղությամբ: Ինչու եմ ասում մինչև վաղը սպասենք, որովհետև եթե այս տեղամասերից մեկում մենք կարողացանք բեկում մտցնել, իրավիճակը կարող է փոխվել»:
20:09 - Վաղը կավարտվի ճակատամարտը Շուշիի համար․ Արծրուն Հովհաննիսյան
Ռազմական գործողություններն այս պահին ընթանում են Շուշիի ներսում և Շուշիի շրջակայքում: Մեր զորքերը հերոսական պայքար են մղում Շուշին պաշտպանելու համար։ Այս մասին Հանրային Հեռուստաընկերության եթերում հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Հարցին՝ ով է վերահսկող կողմը հիմա, Հովհաննիսյանը պատասխանեց. «Հիմա բարդ է ասելը։ Վաղ առավոտից համառ մարտեր են, և հստակ նշել՝ ումն է նախաձեռնությունը, դժվար է: Իրենք երեկ ցերեկը, երեկ գիշերը սկսել էին մեծ խմբերով ներթափանցել քաղաք։ Չկա կողմ, որն ունի լիարժեք վերահսկողություն քաղաքի նկատմամբ։ Բայց իրենք չէին պատկերացնում, որ մենք այդպես համառ կդիմադրեինք Շուշիի համար։ Վաղաժամ գնահատականներ պետք չէ տալ ոչ լավատեսական, ոչ վատատեսական, ուղղակի վստահենք ու հավատանք մեր զորքին։ Շուշիի համար առանձին ճակատամարտը, որը չորս օր շարունակ ընթանում է տարբեր փուլերով, բայց վաղը վերջնական պարզ կլինի»,- նշեց նա և հավելեց, որ իր ենթադրությամբ վաղը կավարտվի ճակատամարտը Շուշիի համար։
19:52 - Ստեփանակերտում հրթիռակոծության հետևանքով մեկ տուժած կա
Օրվա ընթացքում Արցախի բնակավայրերում իրադրությունը եղել է կայուն լարված։
Ստեփանակերտում հանգիստ իրավիճակը պահպանվել է մինչև ժամը 18։30-ը։
Քիչ առաջ հրթիռակոծվեց քաղաքը։ Քաղաքացիական բնակչության շրջանում կա մեկ տուժած։
ԱԻ պետական ծառայության փրկարարները վիրավորին առաջին օգնություն են ցուցաբերել և տեղափոխել բուժհաստատություն։Նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Մարտակերտում` օրվա ընթացքում երկու անգամ հնչել է օդային տագնապի ազդանշանը։ Թշնամին քաղաքի վրա փորձել է կիրառել ռազմավիացիա։
Մարտունի քաղաքում իրադրությունը դարձյալ անհանգիստ է եղել։ Այստեղ կեսօրին թշնամական կողմը ծանր հրետանի է կիրառել` հարվածել քաղաքացիական ենթակառուցվածքներին։
Ասկերանի, Քաշաթաղի և Շահումյանի շրջաններում հարաբերական հանգիստ իրավիճակը պահպանվել է։
ԱՀ ԱԻՊԾ
19:00 - Շուշիի քաղաքում և մերձակայքում մարտեր են գնում. սպասեք պաշտոնական տեղեկությունների. Արծրուն Հովհաննիսյան
ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Շուշիի քաղաքում և մերձակայքում մարտեր են գնում։ Սպասեք պաշտոնական տեղեկությունների, զերծ մնացեք գնահատականներից»:
15:20 - Ադրեջանական զինուժը Մարտունու ուղղությամբ նահանջում է
Ադրեջանական զինուժը Մարտունու ուղղությամբ նահանջում է։ Ռազմաճակատի հարավ-արևելյան հատվածից նախագծի աղբյուրները հայտնում են, որ Մարտունիից ոչ հեռու Արցախի պաշտպանության բանակին հաջողվել է խոցել հակառակորդի ինքնաթիռ:
Այս մասին տեղեկանում ենք ռուսական WarGonzo նախագծի տելեգրամի ալիքից:
15:13 - Մարտերը շարունակվում են. Արծրուն Հովհաննիսյան
13:32 - Շուշիում մարտերը շարունակվում են, սպասեք ու հավատացեք մեր զորքին. Արծրուն Հովհաննիսյան
13:20 - Արտակարգ իրավիճակների պետական ծառայության բոլոր ստորաբաժանումները շարունակում են աշխատել արտակարգ ու ուժեղացված ռեժիմով. ԱԻՊԾ
Արտակարգ իրավիճակների պետական ծառայության բոլոր ստորաբաժանումները ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանի ղեկավարությամբ, շարունակում են աշխատել արտակարգ ու ուժեղացված ռեժիմով:
Արցախի փրկարարներն արձագանքում են բոլոր կանչերին և համապատասխան աջակցությունը ցուցաբերում բոլոր նրանց, ովքեր օգնության կարիք ունեն:
Պատերազմական գործողություններին զուգահեռ ԱԻ ծառայությանը վերապահված է թիկունքային հումանիտար առաքելությունը:
ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն
11:45 - ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումներն արևելյան ուղղությամբ ժամը 9:30-ի սահմաններում խոցել են հակառակորդի երկու ԱԹՍ. Շուշան Ստեփանյան
11:35 - Ծանր ու վճռական մարտեր են Շուշիի համար, հաղթանակ մեր հերոսներին. Արծրուն Հովհաննիսյան
10:30 - Ադրբեջանը միտումնավոր հարվածել է Ստեփանակերտի բնակելի թաղամասերին. Արցախի ՄԻՊ
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտնում է, որ Ադրբեջանն այսօր հրթիռային ուժեղ հարվածներ է հասցրել Ստեփանակերտի քաղաքացիական բնակավայրերին, ինչի հետևանքով լրջորեն ավերվել են բնակելի շենքեր և երաժշտական դպրոցը:
«Շատ այլ համայնքներ նույնպես ավերածությունների են ենթարկվել։ Տուժածների մասին տեղեկություններ դեռ չկան», - գրել է Արցախի ՄԻՊ-ը Թվիթերում՝ վերջում ավելացնելով՝ «#DontBeBlind»։
Նա ևս մեկ գրառում է արել՝ կրկին նշելով, որ Ադրբեջանը միտումնավոր հարվածել է Ստեփանակերտի քաղաքացիական բնակավայրերին։
10:20 - Լուսադեմին դիտարկվել են հակառակորդի տեխնիկայի և անձնակազմի կուտակումներ հարավարևելյան և հյուսիսարևելյան հատվածներում. ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը գրում է.
«Նոյեմբերի 7-ին և լույս 8-ի գիշերը փոփոխական ինտենսիվությամբ մարտերը շարունակվել են ճակատային գծի բոլոր ուղղություններում:
Առավել համառ գործողություններ են ծավալվել Շուշիի մերձակայքում և հարավարևելյան հատվածում: ՊԲ ստորաբաժանումները թշնամուն հասցրել են թիրախային հարվածներ` հետ մղելով առաջխաղացման բազմակի փորձերը:
Տարբեր ուղղություններում ծավալված մարտերի ընթացքում ոչնչացվել է թշնամու մեծաթիվ կենդանի ուժ, 4 տանկ, 20 միավոր այլ զրահատեխնիկա, 11 միավոր ավտոտեխնիկա, 2 ԱԹՍ:
Մարտական գործողություններին զուգահեռ հակառակորդը հրթիռահրետանային համակարգերվ թիրախավորել է նաև մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ:
Լուսադեմին դիտարկվել են հակառակորդի տեխնիկայի և անձնակազմի կուտակումներ ճակատային գծի հարավարևելյան և հյուսիսարևելյան հատվածներում:
Բանակային ստորաբաժանումները վերահսկում են օպերատիվ-մարտավարական իրադրությունը և քայլեր են ձեռնարկում կրակային խոցման ուղղությամբ»:
10:05 - Թեպետ Շուշիում ավերածությունները բազմաթիվ են, բայց բերդաքաղաքը դիմանում է թշնամու հարվածներին. ԱԻՊԾ
Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է.
«Շուշին շարունակում է մնալ թշնամական կողմի անհասանելի երազանքը։
Թեպետ քաղաքում ավերածությունները բազմաթիվ են, բայց բերդաքաղաքը դիմանում է թշնամու հարվածներին»։
09:41 - Գիշերն անհանգիստ ու լարված է եղել հատկապես Ստեփանակաերտում. Արցախի մայրաքաղաքը պարբերաբար ենթարկվել է հրթիռակոծության
Գիշերն անհանգիստ ու լարված է եղել հատկապես Ստեփանակաերտում։
Արցախի մայրաքաղաքը պարբերաբար ենթարկվել է հրթիռակոծության։
Հեռահար հրթիռների 8 հարված է հասցվել քաղաքի բազմաբնակարան շենքերի, բնակելի թաղամասերի, հանրային նշանակության օբյեկտների և քաղաքացիական այլ ենթակառուցվածքների ուղղությամբ։
Նախնական տվյալներով տուժածներ չկան։
Մյուս բնակավայրերում պահպանվել է հարաբերական հանգիստը։
ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն

