Նոյեմբերի 7-ին լրանում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ դատարանի կողմից տրված ելքի թույլտվությունը։ Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը և Լևոն Տեր- Պետրոսյանը ցանկություն էին հայտնել մեկնել Մոսկվա, սակայն պարզվել էր, որ Քոչարյանը COVID19-ով էր վարակված։
ArmDaily.am-ը փորձեց ճշտել, թե արդյոք նախկին նախագահի ելքի թույլտվության ժամկետը կարող է երկարացվել։
Փաստաբան Հայկ Ալումյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը չի մասնակցել ելքի թույլտվություն տալու նախորդ նիստին և անձամբ ինքը չի պատրաստվում դատարանին միջնորդություն ներկայացնել՝ թույլտվության ժամկետը երկարաձգելու համար։ «Հստակ չեմ կարող ասել, թե փաստաբաններից ով է մասնակցել նախորդ նիստին և որ կողմն է նախորդ անգամ միջնորդել՝ նման թույլտվության համար»։
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի խոսքերով՝ Ռոբերտ Քոչարյանի հետ կապված նման քննարկումների դատախազությունը չի մասնակցել և ժամկետը երկարացնելու միջնորդություն չի ներկայացնելու։ Քոչարյանի փաստաբանական թիմի մամուլի քարտուղար Էլինա Սահակովան ասաց, որ նախ պետք է COVID բացասական թեստ լինի, հետո մնացած հարցերին անդրադարձ։ «Իմ ունեցած երեկվա տվյալներով, նախագահի առողջական վիճակը նորմալ է։ Բայց մեկնելու հնարավորության մասին կդժվարանամ պատասխանել։ Մեկնելու հարցը ավելի շատ քաղաքական որոշում է»։

