Պատերազմից հետո մենք մեր կյանքը, արժեհամակարգը վերաիմաստավորելու խնդրի առաջ ենք կանգնելու։ Եւ եթե չկարողանանք փոխել մեզ եւ մեր ընկալումները, մեր եւ աշխարհի հարաբերությունները, ապա կարելի է ցավով արձանագրել, որ անգամ պատերազմից դասեր չենք քաղում։
Պատերազմի ամենակարեւոր դասը թերեւս առաջնայինը երկրորդայինից զատելն է, մարդուն, մասնագետին գնահատելը, միմյանց ոչնչացնելու չափ չատելը, լսելը, հանդուրժելը, քննարկելը, սխալները ընդունելը․․․այս շարքը շարունակելի է։
Պատերազմը, ցավոք, դեռ շարունակվում է, բայց այսօր մենք մեր մաշկի վրա ենք զգում ժամանակի ուժով ապացուցված ճշմարտություններ։
Հիշում եք՝ ժամանակին ինչպես էինք անողոք քննադատում Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին՝ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ ստեղծելու նախաձեռնության համար։ Քննադատում էինք՝ նշելով, որ «իշխանությունը շարունակում է կեղեքել ժողովրդին, այդքան հարկեր ենք վճարում, չեն կշտանում, մի հատ էլ 1000 դրամ պետք է վճարեք, պետբյուջեի միջոցներից հատկացրեք զինծառայողներին եւ այլն»։
Ժամանակը եկավ ապացուցելու, որ Վիգեն Սարգսյանը եւ հիմնադրամի ստեղծման ուղղությամբ աշխատած նրա կոլեգաները ճիշտ էին։ Այսօր առավել քան երբևէ, մենք զգում ենք այս հիմնադրամի անհրաժեշտությունը, առանց տրտնջալու, բողոքելու վճարումներ կատարում, անգամ ամոթի զգացում ունենում՝ հիշելով, թե ինչպես էինք ժամանակին պայքարում այս հիմնադրամի դեմ։ Իհարկե, այն ժամանակ հանգամանքները այլ էին, կար վստահության դեֆիցիտ, հիասթափության պրոֆիցիտ։ Բայց սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ իրական բարեփոխումային ծրագրերը իրականացնելիս, որի արդյունավետությունը հաշվարկներով ապացուցված է, իշխանությունը չպետք է հապաղի՝ անտեսելով անգամ ֆեյսբուքում գրված եւ գրվող հարյուրավոր ստատուսները։
Հեղափոխական բարեփոխիչները, որոնք վստահ են իրենց առաջարկած ծրագրերի ճշմարտացիության մեջ, պետք է գործեն ազատ եւ համարձակ՝ տուրք չտալով պահի հրամայականով արտահայտված բողոքներին։ Ու դեռ քանի-քանի նման հեղափոխական նախաձեռնություններ, ծրագրեր, դեռ չծնված մեռցրեցինք մեր քննադատություններով, իսկ այսօր տեսնում ենք դրանց անհրաժեշտությունը։
Սա, իհարկե, չի նշանակում, թե բոլոր ծրագրերը, նախաձեռնությունները, այլ երկրներից կրկնօրինակած օրենսդրական փոփոխությունները մանանա են մեր գլխին թափվող։
Մյուս կողմից էլ՝ երբ որեւէ ծրագիր, փոփոխություն համառությամբ ընդունում ենք, սակայն ժամանակի ընթացքում չենք զգում դրա արդյունավետությունը եւ ազդեցությունը, պաշտոնյաները եւ իշխանությունները կաշկանդված չեն կասեցնելու այն, ընդունելու սեփական սխալը, ծրագրի չաշխատելու պատճառները եւ անցնելու առաջ։
Հաջողված եւ ձախողված նախաձեռնությունների բանալին, բնականաբար, աշխատանքն է, խորհրդակցությունները, փորձը, գիտելիքները։ Ոչ ոք անսխալական չէ, սակայն ծրագրային եւ պրոֆեսիոնալ կառավարման արդյունքում կարելի է սխալները հասցնել նվազագույնի, այդ պարագայում իրականացրած ծրագրերի մեծամասնության արդյունավետությունը ապահոված կլինի։

