Սահմանադրական դատարանի փոխնախագահի ընտրության հարցը 2 անգամ ընդգրկվել է ՍԴ աշխատակարգային նիստի օրակարգում, սակայն առաջադրումներ չեն եղել։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրուցում ասաց ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը։ «Ըստ իս՝ Դատարանի բնականոն գործունեության ապահովման տեսանկյունից առավելապես առաջնային էր դատարանի նախագահի ընտրությունը տվյալ փուլում։ Դատարանի փոխնախագահի պաշտոն նախատեսված է և, իհարկե, փոխնախագահի հաստիքը պետք է վաղ թե ուշ համալրվի։ Այսինքն, փոխնախագահ պետք է ընտրվի։ Սակայն հաշվի առնելով նաև երկրում ստեղծված իրավիճակը՝ փոխնախագահի ընտրությունն այս պահին այնքան էլ առաջնային չէ, որովհետև փոխնախագահի գործառույթներն իրենց բնույթով առավելապես սկզբունքորեն չեն տարբերում դատավորի լիազորություններից։ Հետևաբար, դատարանի փոխնախագահին կընտրենք, սակայն ավելի ուշ ժամկետում»։
Անդրադառնալով փոխնախագահի ընտրության ժամկետներին՝ նա ասաց, որ դրանք կանոնակարգված են Դատարանի աշխատակարգով։ «Բայց, եթե անկեղծ՝ այս առումով էլ որոշակիություն չկա, որովհետև այստեղ շեշտադրումը առավելապես կատարվում է 2-րդ փուլից հետո՝ որոշակի ժամանակահատվածի վրա, մինչդեռ, նախ պետք է հասնել երկրորդ փուլին, հետո քննարկման առարկա դարձնել աշխատակարգում նշված ժամանակահատվածը։ Կարծում եմ առաջիկայում Դատարանը ձեռնամուխ կլինի հարցերի լուծմանը։ Ինչ վերաբերում է ՍԴ նիստերին, ապա թե աշխատակարգային, թե լիագումար նիստերը տեղի են ունենում»։
Անդրադառնալով Դատարանում առկա մթնոլորտին՝ նա նշեց, որ ՍԴ-ում մթնոլորտը նորմալ է։ «Բնականոն շրջանակներից աշխատում ենք դուրս չգալ, այնքանով, որքանով ստացվում է, ամեն դեպքում տրամադրվածությունը դատավորների մոտ աշխատանքային է և գործնական»։

